Երաշտ` էլեկտրաէներգիայի դիմաց. ո՞վ է դատարկում ջրամբարները

Բնապահպանն ահազանգում է` հայաստանյան ջրամբարներից ապօրինի ջուր է բաց թողնվում, կիսադատարկ ջրամբարները եկամուտ են ապահովում ՀԷԿ–երին։ Ջրային տնտեսության պետական կոմիտեն հերքում է մեղադրանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանյան երաշտի ու ջրամբարներում ջրի սակավության մեղավորը միայն եղանակը չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը։

«Հաճախ տեսնում ենք` ձմռանը ջրամբարներից ջուր է բաց թողնվում, հետո ասում են` ջրամբարները դատարկ են։ Այստեղ կասկած կա, որ ձմռանը էլեկտրաէներգիա են ստանում, և դա ոչ մի տեղ չի ֆիքսվում։ Դրանք ինչ-որ ձախ աշխատանքներ են ջրի հաշվին»,- ասաց բնապահպանը։

Ջրամբարներից բացի, Դանիելյանի խոսքով, ձմռանը մեծ քանակությամբ ջուր է բաց թողնվում նաև Սևանից` Հրազդան գետի հունով։

«Մեկ էլ տեսնում ենք` Հրազդանով ձմռանը վարար ջուր է հոսում, որ չպիտի լիներ»,- ասաց նա։

Գլոբալ տաքացումը հեքիաթ չէ. Հայաստանում կարող է բնապահպանական աղետ լինել

Բնապահպանի այս մտահոգությունն ու կասկածները ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեում հերքում են։ Կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ ոռոգման սեզոնից դուրս և մասնավորապես ձմռան ամիսներին ՀՀ ջրամբարներից ՀԷԿ-երի աշխատանքի համար ջուր բաց չի թողնվում։

«Ոռոգման սեզոնի ավարտին բոլոր ջրամբարները կապարակնքվում են հատուկ հանձնաժողովով և ապակապարակնքվում` նույն հանձնաժողովի ներկայացուցիչների ներկայությամբ։ Այդ պրոցեսը կամայական լինել չի կարող»,- ասաց նա։

Իրականում, սակայն, որոշ քանակությամբ ջուր ջրամբարներից, այնուամենայնիվ, բաց թողնվում է` էկոլոգիական նպատակներով։

«Յուրաքանչյուր ջրամբարի համար կա օրենքով սահմանված էկոլոգիական թողքի ծավալ, որի չափը հաշվի է առնվում պատվարը կապարակնքելիս»,- նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է ամռանը կանխատեսվող ջրի պակասին, այս հարցով Ջրային կոմիտեն մտահոգություն արդեն հայտնել է` հայտարարելով, որ անցած ամռանը դատարկված ջրամբարներն այս ամռանն ընդառաջ ընդամենը 50%-ով են լցված։

Կարինե Դանիելյանը համոզված է` երաշտն այս տարի Հայաստանում անխուսափելի է և տարեցտարի ավելի է սաստկանալու, քանի որ ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ Երկիր մոլորակի վրա էկոլոգիական ապակայունացում է ընթանում։

Հիշեցնենք, որ կառավարությունն ապրիլի 11-ի նիստում որոշում ընդունեց ոռոգման նպատակով Սևանից 170 մլն խմ ջուր բաց թողնել։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը չբացառեց, որ սա միայն սկիզբն է։ Հայաստանի պահանջարկն այսօր կրկնակի շատ է։