Սիրիայի ուղղությամբ ավելի քան 100 հրթիռ են արձակել. լուսանկարներ

Սիրիայի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արձակած հրթիռների զգալիս մասը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։

​Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 2 նավից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել էր ժողովրդին` հայտարարելով, որ Սիրիայի ուղղությամբ հարվածներ են լինելու։ Ավելի ուշ հարվածներ հասցնելու փաստը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև Ելիսեյան պալատը։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-ից մինչև 5.10-ը, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։

Նշենք, որ ավելի վաղ Արևմուտքը Դամասկոսին մեղադրել էր սիրիական Դումա քաղաքում քիմիական հարձակում իրականացնելու համար։ Մոսկվան հերքել էր սիրիական զինվորականներին վերագրած մեղադրանքը։ ԱՄՆ-ն խոստացել էր մտածել սիրիական Դումայում իրականացված քիմիական հարձակմանը պատասխան հարված հասցնել։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան իր հերթին կոչ էր արել ԱՄՆ-ին ռազմական արկածախնդրության չգնալ Սիրիայում։