Սիրիան հրթիռակոծվել է

Կոալիցիան` ԱՄՆ–ի ղեկավարությամբ, հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Սիրիական հակաօդային ուժերը հետ են մղում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի հրթիռային զարկերը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սիրիայի կառավարական աղբյուրներին։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի տարածքում 30 հրթիռ են արձակել, որոնցից 13-ը Սիրիայի զինված ուժերը խոցել են:

ԱՄՆ նախագահ Թրամփը հանդես է եկել ժողովրդին ուղղված ուղերձով: Թրամփը նշել է, որ ռազմական գործողություններին կմասնակցեն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հարվածներ կհասցվեն Սիրիայի քիմիական զենքի ստեղծման օբյեկտների վրա: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նույնպես հաստատել է, որ հրահանգել է բրիտանական զինված ուժերին ռմբակոծել Սիրիան:

Հրթիռակոծությունները սկսվել են ճիշտ այն պահին, երբ Թրամփն ուղերձով դիմում էր իր ժողովրդին: Ելիսեյան պալատը տեսանյութ է հրապարակել, որում երևում են հրթիռներ արձակած օդանավերը։

​ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը ճեպազրույցում նշել է, որ հարվածները հասցնել են երեք թիրախի, որոնք կապ ունեն քիմիական զենք արտադրելու ծրագրի հետ:

ԱՄՆ-ի առաջին հարվածը եղել է հետազոտական կենտրոնի ուղղությամբ, երկրորդը, ինչպես հայտարարում է ԱՄՆ-ն, քիմիական զենքի պահեստի ուղղությամբ։

Սիրիայի ուղղությամբ սկսել են հարվածներ հասցնել Վաշինգտոնի ժամանակով 21.00-ին:

Նշենք, որ ավելի վաղ Արևմուտքը Դամասկոսին մեղադրել էր սիրիական Դումա քաղաքում քիմիական հարձակում իրականացնելու համար։ Մոսկվան հերքել էր սիրիական զինվորականներին վերագրած մեղադրանքը։ ԱՄՆ-ն խոստացել էր մտածել սիրիական Դումայում իրականացված քիմիական հարձակմանը պատասխան հարված հասցնելու մասին։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան իր հերթին կոչ էր արել ԱՄՆ-ին ռազմական արկածախնդրության չգնալ Սիրիայում։