ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. RT հեռուստաալիքի լսարանն ավելացել է մեկ երրորդով այն ընթացքում, երբ Արևմուտքը պայքարում է ռուսական լրատվական գործակալության դեմ։ Այս մասին գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ասել է «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։
«Վերջերս ստացել ենք ուսումնասիրության հերթական թվերը։ Արդյունքները խոսում են այն մասին, որ այն ժամանակահատվածում, երբ նրանք մեզ խոչընդոտում են… քանի դեռ մեր դեմ պայքարում է «ճշմարտախոս, ազատասեր» աշխարհը, մեր լսարանն այդ աշխարհում մեկ երրորդով ավելացել է», – ասել է Սիմոնյանը։
Խմբագիրը նաև ասել է, որ RT–ն հումորով է վերաբերում այն հանգամանքին, որ նրան ԱՄՆ–ում արտասահմանյան գործակալի կարգավիճակ են շնորհել։ Այժմ հեռուստաալիքի բոլոր ստենդների վրա տարբեր միջոցառումների ժամանակ «միջազգային տեղեկատվական ալիքի» փոխարեն մեծ տառերով «արտասահմանյան գործակալ» է գրված։
«Մենք հումորով մարդիկ ենք, մենք ցանկացած կարգավիճակ վերածում ենք թրոլինգի նրանց համար, ովքեր մեզ այդ կարգավիճակը տվել են։ Հումորի ենք վերածում։ Այլ կերպ հնարավոր չէ։ Ինչ է խեղճ դեմքերով պետք է քայլենք և լացենք։ Չենք անելու», – RT–ն մեջբերում է նրա խոսքերը։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը դեռ անցյալ տարվա նոյեմբերին RT America հեռուստաալիքի արտասահմանյան գործակալների ցանկում ներառել է նաև Sputnik գործընկեր ընկերությանը` Reston Translator–ին, որն Ամերիկայում հեռարձակում է Sputnik–ի ծրագրերը։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը RIA Global ընկերությանը, որը Sputnik գործակալության համար կոնտենտ արտադրող է, գրանցել է որպես արտասահմանյան գործակալ։
Մարտին հայտնի դարձավ, որ պրովայդեր ընկերությունը, որը Վաշինգտոնում հեռարձակում էր RT–ի եթերը, ԶԼՄ–ն հանել է հեռարձակման ցանցից արտասահմանյան գործակալի իր կարգավիճակի պատճառով։ Ավելի ուշ Սիմոնյանը հայտնել էր, որ ալիքը կշարունակի հեռարձակվել այլ հարթակներում։
Որպես պատասխան միջոց, Ռուսաստանում օրենք է ընդունվել, որի համաձայն օտարերկրյա ԶԼՄ–ները կարող են արտասահմանյան գործակալ ճանաչվել, եթե նրանց ֆինանսավորումն իրականացվում է արտերկրից։
Ավելի վաղ հայտնում էին, որ Ipsos ընկերության ուսումնասիրության համաձայն` RT հեռուստաալիքի լսարանը ամեն շաբաթ վերջին երկու տարվա ընթացքում աճել է ավելի քան մեկ երրորով. այսօրվա դրությամբ RT հեռուստաալիքն ամեն շաբաթ 100 մլն մարդ է դիտում 47 երկրում։