ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ու Արցախի տարածքում խաղաղ քաղաքացու` ականի վրա պայթելու երկրորդ պատահարը ստիպում է հասարակությանն ու փորձագետներին ահազանգել խնդրի մասին։ Ընդարձակ սահմանամերձ տարածքները, որոնք այլ պայմաններում շատ բարենպաստ են գյուղատնտեսության զարգացման համար, մարդկանց կյանքին լուրջ վտանգ են սպառնում։
Հիշեցնենք` Տավուշի մարզի Այգեձոր գյուղի վարչական տարածքին պատկանող պաշտպանական նշանակության հենակետերից մեկի հարակից տարածքում ապրիլի 12-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է վիրավորվել։ Նրանց տեղափոխել են «Այգեձորի առողջության կենտրոն»։
Տուժածներից մեկը ձախ ձեռքն է կորցրել արմունկից ներքև, երկրորդը` ձախ ոտնաթաթը, երրորդ տուժածին հիվանդանոց են տեղափոխել ջախջախված կրունկով, նրա ձախ ոտքն արդեն հիվանդանոցում են անդամահատել։ Նշվում է, որ գյուղացիները սինդրիկ էին հավաքում։
Եվս մեկ նման դժբախտ դեպք էր արձանագրվել Արցախում մարտի վերջին, այն ժամանակ մահացել ու վնասվածքներ էին ստացել The Halo Trust միջազգային ականազերծման կազմակերպության աշխատակիցները։
Ինչպե՞ս պետք է պայքարել ականների դեմ ու դեռ քանի մարդ պետք է տուժի պատերազմի ժամանակ ականապատված տարածքների վրա ոտք դնելով։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով` խնդիրն այն է, որ ժամանակին հայերն ու ադրբեջանցիները առանց համապատասխան քարտեզների են ականապատել այդ տարածքները։ Ժամանակի ընթացքում հողի վերին շերտը լվացվում է, ու ականները դուրս են գալիս մակերես։
«Հսկայական աշխատանք է պետք իրականացնել, ականապատված տարածքները բավականին մեծ են, շատ դժվար է ամբողջությամբ ականազերծել դրանք։ Սակրավորների աշխատանքը բարդացնում է նաև այն հանգամանքը, որ հայկական գյուղերին կից շատ տարածքներ ադրբեջանական կողմի կրակոցների թիրախում են, ու այդ հատվածների ականազերծումը վտանգավոր է», — ասաց Նահապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նրա խոսքով` պաշտպանության նախարարությունը չպետք է իրավիճակն ինքնահոսի թողնի, հատկապես, որ մեզ մոտ Հայաստանում շատ լավ մասնագետներ կան, որոնք արտասահմանում պատրաստություն են անցել։ Նախկինում սպա Նահապետյանը պնդում է նաև, որ մինչ 2007 թվականը Տավուշի մարզի սահմանակից տարածքներում սակրավորներ էին աշխատում, սակայն հիմա նա դժվարանում է ասել` աշխատանքները շարունակվո՞ւմ են, թե ոչ։
Մենք փորձեցինք այդ առիթով պաշտպանության նախարարության մեկնաբանությունը ստանալ։ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ականազերծման աշխատանքները մշտապես ընթանում են, սակայն, ցավոք, անհնար է բացառել ողբերգական դեպքերը։ Միաժամանակ ռազմական ղեկավարությունը բազմիցս կոչ է արել ու հիմա էլ կոչ է անում Հայաստանի բնակիչներին լինել չափազանց ուշադիր ու հնարավորինս այդ տարածքների խորքերը չգնալ։