Երևանում թալանել են հայտնի բանկերից մեկի գլխավոր գանձապահի տունը

Կոտրել են տան դռան փականը, մտել բնակարան և հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր, կանխիկ գումար, ինչպես նաև էլեկտրատեխնիկա։ Գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննիչ Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափի ոսկյա, արծաթյա զարդեր և գումար գողանալու փաստով։

Սպանելուց առաջ թալանել է զոհին. Գավառի աղմկահարույց սպանության նոր մանրամասները

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ ապրիլի 11-ին, Օհանովի փողոցի բնակիչ՝ 60-ամյա Ալինա Հ.-ն ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 08։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են իր տան դռան փականը, ապօրինի ներս մտել բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր, կանխիկ գումար, ինչպես նաև էլեկտրատեխնիկա։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ըստ տեղեկությունների՝ Ալինա Հ.-ն կրել է մոտ 10 մլն դրամից ավելի վնաս։

Կայքի տեղեկություններով՝ կինն աշխատում է Հայաստանում գործող հանրահայտ բանկերից մեկում՝ որպես գլխավոր գանձապահ։