Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենը Արգիճի գետի ափին է։ Նախկինում գյուղը կոչվել է Կոթ և եղել է Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը: IX դարում Գեղարքունիքի կառավարիչը Աշոտ I Բագրատունու թոռն էր` Գրիգոր Սուպան II-ը (մոտավորապես 859-912/913 թթ.)։ Հենց նա է կառուցել հիանալի Կոթավանք եկեղեցին։
Գյուղը, ինչպես և բուն վանքը, շատ է տուժել թուրքական ցեղերի հարձակումներից։ Հայտնի է, որ XVI-XIX դարերում այս տարածքում հիմնականում քրդական ցեղեր են ապրել։ Սակայն արդեն 19-րդ դարի վերջին այստեղ հաստատվել են Ալաշկերտի հայերը։
Գաղթականները, տեսնելով, որ գյուղում գործող եկեղեցի չկա (Կոթավանքը վերականգնվել ու սկսել է գործել միայն մի քանի տարի առաջ), որոշել են փոքրիկ ժամատուն կառուցել։ Ժամատունը գործել է մինչև 1930-ականները։ Խորհրդային տարիներին, ինչպես մի շարք այլ վանքեր, այն որպես պահեստ են օգտագործել։
Վերջերս այն կիսավեր վիճակում էր, և ռուսաստանցի բարերարը, որը ծնունդով ի Ներքին Գետաշենից է, որոշեց նորը կառուցել։ Հենց այդ եկեղեցու շինարարական աշխատանքների ժամանակ էլ պարզվեց, որ այդ պարզունակ ժամատան պատերը հնագույն խաչքարերից են կառուցված։ Ավելի ուշ արդեն հողի տակից խաչքարների և բացառիկ տապանաքարերի մի ամբողջ շերտ ի հայտ եկավ, հայտնավերվեցին մոտ 300 հնագույն խաչքարեր ու տապանաքարեր, որոնք բացառիկ գտածոներ են։
Խաչքարերն ասեղնագործ են, որոնք ավելի կատարյալ տեխնիկա ունեն և թվագրվում են XIV-XV դարերին։
Տապանաքարերի վրա թագով ու ձեռքերը կրծքերին խաչած կանանց և տղամարդկանց պատկերներ են, ինչը վկայում է, որ ժամանակին այստեղ թագավորական կամ իշխանական գերեզմանոց է եղել։