Թեհրանի համբերությունը կարող է սպառվել. ինչպե՞ս կպատասխանի Իրանը ԱՄՆ–ին

Թեհրանի համբերությունը սպառվելու եզրին է, և եթե Վաշինգտոնը չհրաժարվի միջուկային գործարքից դուրս գալու մտադրությունից, ապա Իրանի պատասխանը կոշտ կլինի։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա.

Թեհրանի և Վաշինգտոնի առճակատումը չի կարող չանդրադառնալ Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես, Հայաստանի վրա։ Մինչև ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է, Թեհրանը պատասխան հարված է պատրաստում Վաշինգտոնին, կարծում են փորձագետները։

Եթե ԱՄՆ–ը փորձի դուրս գալ միջուկային համաձայնագրից կամ մտցնի իր շտկումները, ապա Իրանի պատասխանը երկար սպասեցնել չի տա, ավելին` այն կոշտ կլինի։ Թեհրանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, հավաստիացրել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին ապրիլի 9–ին ատոմային էներգետիկայի ազգային օրվան նվիրված խորհրդակցության ժամանակ։

Եթե ԱՄՆ կասեցնի միջուկային պայմանագիրը, հետևանքները մեկ շաբաթվա ընթացքում կերևան. Ռոհանի

«Կա երկու սցենար. ԱՄՆ–ը դուրս կգա միջուկային համաձայնագրից կամ համաձայնագիրը փոփոխության կենթարկվի», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նա փոփոխությունները կանխատեսում է 2018թ–ի մայիս–հունիսին։ Եթե ԱՄՆ–ը դուրս գա միջուկային համաձայնագրից, ապա միայն Բրյուսելի հորդորների շնորհիվ, որն իր շահերը և տեսակետն ունի իրադարձություների զարգացման ֆոնին։ Մյուս կողմից, համաձայնագիրը չի կարող ներկա տեսքով մնալ իր։ Թրամփը շարունակում է մեղադրել Օբամային և նրա վարչակազմին, որ նրանք ներքաշել են Վաշինգտոնին այդ «վատ» համաձայնագրի մեջ։

«Միջուկային ծրագրից Վաշինգտոնի դուրս գալը Թեհրանին սպառնում է նոր պատժամիջոցներով, ինչն իր հերթին բացասաբար կանդրադառնա Իրանի տնտեսության վրա։ Դա չի կարող չանդրադառնալ տարածաշրջանում Թեհրանի գործընկերներից մեկի` Երևանի վրա», – ասաց Սարգսյանը։

Համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու սցենարը, ինչպես նաև Թեհրանի դեմ պատժամիջոցներ սահմանելը փորձագետն առավել իրական է համարում, հատկապես հաշվի առնելով Թրամփի շրջապատը` հակաիրանական տրամադրվածություն ունեցող Ջոն Բոլտոնը (ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ–ի նախագահի նոր խորհրդականը) և Մայք Պոմպեոն (ԱՄՆ պետքարտուղարը)։

Բայց անկանխատեսելի կարող է լինել նաև Թեհրանի արձագանքը, իսկ պատասխանը` բավական կոշտ է։

Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը վստահ է, որ Իրանը ոչ մի դեպքում չի ենթարկվի Վաշինգտոնի ճնշմանը, նույնիսկ եթե ԱՄՆ–ը դուրս գա միջուկային ծրագրից։

Իրանական երկընտրանք. ինչու է Թեհրանը «Վաշինգտոնի շրջկոմի» ուժերից վեր

«Իրանը մեծ հնարավորություններ ունի մանևրի համար։ Արտաքին քաղաքականությանը վերաբերող ոչ մի հարցում Իրանը չի ընդունում հապճեպ, զգացմունքային որոշումներ», – բացատրեց Ոսկանյանը։

Ոսկանյանը կարծում է նաև, որ այդ համատեքստում Հայաստան–Իրան հարաբերությունները չեն տուժի, սակայն Թեհրանի դեմ պատժամիջոցների խստացումը կարող է ապակայունացնել տարածաշրջանը։

Հիշեցնենք, որ Թրամփը գրավոր ձևով պահանջել է ԵՄ–ից մասնակցել Իրանի հետ խաղաղ ատոմի վերաբերյալ գործարքը «շտկելուն»։ Հակառակ դեպքում ԱՄՆ առաջնորդը սպառնացել է ընդհանրապես դուրս գալ համաձայնագրից։ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեղադրել է եվրոպական երկրներին և ԱՄՆ–ին Իրանի միջուկային ծրագրի հարցով գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը խախտելու մեջ։

2015թ–ին ԱՄՆ–ը, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ստորագրել են «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր» համաձայնագիրը։ Այն վերաբերում է Իրանի ատոմային ծրագրի խնդրի կարգավորմանը։ Համաձայնագրի իրագործումը չեղարկում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԱՄՆ–ի և Եվրամիության կողմից Իրանի դեմ ընդունած տնտեսական պատժամիջոցները։