Հայաստանի նոր նախագահն աշխատող չունի

Սերժ Սարգսյանն իր աշխատակազմին գործուղել է կառավարություն, և նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մնացել է առանց աշխատակազմի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի աշխատակազմի որոշ քաղծառայողների այս օրերին գործուղում է կառավարության աշխատակազմ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` նշելով, որ գործընթացը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով:

Ուր են կորել Արմեն Սարգսյանի միլիոնները. նոր նախագահի ունեցվածքը

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում համապատասխան փոփոխություններն ԱԺ-ում ընդունվել են մարտի 23-ին: Օրենքով նախատեսվում է, որ մինչև հուլիսի 1-ը ՀՀ նախագահի աշխատակազմի քաղծառայողները կարող են առանց մրցույթի շարունակել աշխատել վարչապետի աշխատակազմում՝ զբաղեցնելով նույն խմբի պաշտոններ:

Այս պարագայում վերջնահաշվարկ չի կատարվում, ստաժը չի ընդհատվում, աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենում, եթե պարտականությունների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյանը «Հայկական ժամանակին» տեղեկացրել է, որ աշխատակազմին ասել են՝ գնալ տուն և սպասել:

Երեկ Սերժ Սարգսյանը մինչ իր լիազորությունների ավարտը աշխատանքից ազատել է իր խոսնակին, օգնականներին, խորհրդականներին:

Իսկ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն առանց աշխատակազմի է: Երեկվանից նա տեղակայվել է Մաշտոցի 47 հասցեում՝ կառավարության ընդունելությունների նախկին տանը: Երեկվա դրությամբ ՀՀ նախագահը ո՛չ խոսնակ ուներ, ո՛չ խորհրդական, ո՛չ աշխատակազմի ղեկավար։