Ինչ ճակատագիր է վերապահված Հայաստանի ատոմակայանին ԵՄ-ի հետ համաձայնագրով

Փոխարտգործնախարարն ասել է, թե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ինչ ճակատագիր է նախատեսում Մեծամորի ատոմակայանի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Մեծամորի ատոմակայանի աշխատանքը դադարեցնելու մասին տարածված լուրերն իրականության չեն համապատասխանում: Այսօր ԱԺ-ում, պատասխանելով ԵՄ-ի հետ համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների մասին պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:

Ինչպես է Հայաստանը շահագործումից հանելու ատոմակայանը. դուռը փակելո՞ւ է, ու վե՞րջ

«Էներգետիկայի բնագավառում մենք ԵՄ-ի հետ պայմանավորվել ենք համագործակցել գործընկերության փոխադարձ շահի, թափանցիկության և կանխատեսելիության սկզբունքների հիման վրա: Եվ այդ համագործակցությունը պետք է ընդգրկի նաև Մեծամորի ատոմակայանի համար անվտանգ ապագործարկման ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը: Այսինքն խոսքը ճանապարհային քարտեզի վաղաժամկետ ընդունման և ոչ թե ատոմակայանի փակման մասին է»,-ասաց Նազարյանը:

Նրա խոսքով` կողմերը պայմանավորվել են նաև այս հարցում հաշվի առնել Հայաստանի առանձնահատկությունները:

«Երաշխավորված հզորությունները դուրս հանելու փոխարեն միակ լուծումը կարող է լինել միայն այդ նույն հզորությամբ փոխարինումը: Ատոմակայանը փոխարինել նոր բլոկով, դա ոչ թե մեր ցանկությունն է, այլ ՀՀ էներգետիկ ռազմավարության փաստաթղթի պահանջը»,- ասաց փոխնախարարը` վստահեցնելով` համաձայնագրում ատոմակայանի փակման մասին որևէ կետ չկա:

Այսօր ԱԺ-ում քննարկվում է 2017թ-ի նոյեմբերին ստորագրված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը:

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը տնտեսական, իրավական, կրթական, մարդասիրական և այլ ոլորտներում։ Դրա հետ մեկտեղ այն կազմվել է այնպես, որպեսզի չհակասի Հայաստանի եվրասիական ինտեգրման շրջանակներում իրականացվող գործընթացներին։

ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ստորագրվեց նոյեմբերի 24-ին Բրյուսելի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։