Նոր նախագահի տիկինը կհետևի Ռիտա Սարգսյանի օրինակին

ՀՀ նորընտիր նախագահը տիկնոջ հետ հյուրընկալվել է նախագահի նստավայրում։ Այս շենքում նոր նախագահը միայն հյուրի կարգավիճակում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. ՀՀ նորընտիր նախագահն այսօր առավոտյան կնոջ հետ հյուրընկալվել է նախագահական նստավայրում:

Արմեն Սարգսյանին ու նրա տիկնոջը` Նունե Սարգսյանին, դիմավորել են Սերժ և Ռիտա Սարգսյանները:

Պետական և հոգևոր խորհրդանիշներն արդեն տեղափոխվել են երդմնակալության արարողության վայր

Նախագահական նստավայրի ոսկեզօծ դահլիճում հյուրընկալության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ րոպեներ անց տեղի կունենա նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը, ևս մեկ անգամ Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ:

«Վստահ եմ, որ մենք որոշ ժամանակ հետո կարողանալու ենք արձանագրել հաջողություններ. ուղղակի դատապարտված ենք հաջողություն ունենալու: Իհարկե, վստահ եմ, որ տիկին Նունեն կօգնի Ձեզ, որովհետև դա պարզապես անհրաժեշտություն է»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին և տիկին Ռիտա Սարգսյանին հյուրընկալության համար:

«Իհարկե, ակնկալում եմ Ձեզ հետ միասին շատ սերտ աշխատել երկար տարիներ: Վստահ եմ, որ Նունեն ինձ կօգնի՝ ոչ միայն, որ իմ 50 տարվա ընկերն է, 40 տարվա կինս, այլ նաև ունի փայլուն օրինակ՝ տիկին Ռիտայի օրինակը, թե ինչպես պետք է նախագահին աջակից լինել, օգնել և ոչ միայն աջակցել, նաև լինել ինչ-որ տեղ առաջնորդ որոշակի ուղղության մեջ»,-ասել է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:

Ի դեպ, հիշեցնենք, նոր կարգի համաձայն, նորընտիր նախագահի նստավայրը լինելու է ոչ թե Բաղրամյան 26-ում, այլ Մաշտոցի պողոտայում գտնվող կառավարության ընդունելությունների տան շենքում։

Բաղրամյան 26—ը լինելու է ՀՀ վարչապետի նստավայրը։