Ի՞նչ է սպասվում ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ

Ժամեր անց կկայանա Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ, խորհրդարանական Հայաստանի 1-ին նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Ի՞նչ և ինչպե՞ս տեղի կունենա այն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի- Sputnik. Արմեն Սարգսյանի` ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 12:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, նախանշված ԱԺ հատուկ նիստում:

ՀՀ 4-րդ նախագահը, Ավետարանի և Սահմանադրության վրա ձեռքը դնելով, կիրականացնի իր երդմնակալությունը:

ԱԺ հատուկ նիստի օրակարգը նախատեսված է հետևյալ հաջորդականությամբ.

  • Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը:
Նախագահը կերդվի Ադրբեջանից փրկված հնագույն մատյանի վրա. այն համարվել է ամենաբուժիչ
  • Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր Ավետարանին՝ Սահմանադրությամբ սահմանված երդմամբ հանդես է գալիս Հանրապետության նորընտիր նախագահը:
  • Ելույթով հանդես են գալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հանրապետության նորընտիր նախագահը։
  • Ելույթների ավարտից հետո խորհրդանիշները դարձյալ դուրս են բերվում դահլիճից, որից հետո նախագահողը նիստը հայտարարում է փակված:
  • Նոր Սահմանադրությամբ՝ նախագահի երդման տեքստը կառուցված է նրա անկուսակցական, ապա մնացյալ սկզբունքների վրա: Նոր նախագահի երդման տեքստն առավել քան լակոնիկ է, և երդմնակալության բուն արարողությունը տևելու է րոպեներ:

    ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության եթերում, իսկ լրագրողներն արարողությանը կհետևեն Ազգային ժողովից։

    Այսօր ուժի մեջ է մտնում Սահմանադրության համապատասխան դրույթը (հոդված 212), որը սահմանում է, որ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը` ապրիլի 9-ին, Կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը, որը Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է։ Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում՝ապրիլի 9-16-ը ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

    Հիշեցնենք, որ 2016 թ.-ի դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում իրականացված Սահմանադրական բարեփոխումների արդյունքում որոշվեց, որ Հայաստանի Հանրապետությունը անցում է կատարելու կառավարման խորհրդարանական համակարգի: Հայաստանը խորհրդարանական երկիր է դառնալոի 2018 թ.-ի ապրիլի 9-ից:

    ՀՀ 4-րդ նախագահի կենսագրական տվյալները

    Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին Երևանում։

    Ավարտել է Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը: 1976-1984 թվականները ֆիզիկա է դասավանդել ԵՊՀ-ում, հիմնադրել է տեսական ֆիզիկայի կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը:

    Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի 4-րդ նախագահի երդման արարողությանը. ինչո՞ւ

    ԽՍՀՄ տարիներին (1984-1985 թթ. և 1989-1991 թթ.) եղել է օտարերկրյա հետազոտող և դասախոս Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում:

    1992-1995 թթ. Արմեն Սարգսյանը Հայաստանի դեսպանն էր Մեծ Բրիտանիայում: Միաժամանակ զբաղեցրել է Եվրոպայում Հայաստանի «ավագ դեսպանի», Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում և Վատիկանում դեսպանի պաշտոնները:

    1996թ. նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի հինգերորդ վարչապետը, սակայն պաշտոնավարել է ընդամենը չորս ամիս և 1997թ. փետրվարի 28-ին լքել պաշտոնը:

    1998-2000 թթ. նա կրկին զբաղեցրել է Լոնդոնում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

    2000-ից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է:

    Տարբեր տարիներին հանդիսացել է British Petrօleum, Alcatel, Telefonica եւ այլ ընկերությունների խորհրդատու:

    2013թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ դարձել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

    Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երկու որդի, երեք թոռ։