ՀՀ նոր նախագահը երդվեց. կարգն անփոփոխ է, տեքստը` փոխված

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 Ապրիլ — Sputnik. ՀՀ նորընտիր նախագահը ժամանեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։ Կարմիր գորգի վրայով անցավ ու մուտք գործեց դահլիճ, որտեղ արդեն գումարվել էր ԱԺ հատուկ նիստը, նա հոտնկայս ծափողջույնների ուղեկցությամբ տեղ գրավեց նախագահությունում` ԱԺ նախագահի և երեք փոխնախագահների կողքին։

Նիստին բացման խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Նա հայտնեց, որ հատուկ նիստին գրանցվել է 92 պատգամավոր։

Նոր նախագահի տիկինը կհետևի Ռիտա Սարգսյանի օրինակին

«ԱԺ–ն 2018թ–ի մարտի 2-ին ՀՀ նախագահ է ընտրել Արմեն Սարգսյանին»,– հիշեցրեց Բաբլոյանը` հայտարարելով, որ ԱԺ հատուկ նիստում` ապրիլի 9-ին, նորընտիր նախագահը պաշտոնապես կստանձնի այդ պաշտոնը։

Բացման խոսքից հետո դահլիճ բերվեցին երդմնակալության արարողության խորհրդանիշները` ՀՀ դրոշը, Սահմանադրության մայր օրինակն ու Մատենադարանի հնագույն հոգևոր ձեռագիրը` 7-րդ դարի Վեհամոր Ավետարանը։

ՀՀ նախագահի պարտականությունները ստանձնելու երդման արարողությանը Արմեն Սարգսյանը աջ ձեռքը դրեց Սահմանադրության ու Ավետարանի վրա և ընթերցեց ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված երդման տեքստը։

«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ` հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»,– ասաց Արմեն Սարգսյանը:

Երդմանը հաջորդեց ՀՀ օրհներգը։