Գյումրեցի փոքրիկն իր գարունը փոխանցեց Կեմերովոյում դստերը կորցրած մորը

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հյուրերն ամեն տարվա պես իրենց հետ հայրենիք կտանեն Հայաստանի մի փոքրիկ մասնիկը, իսկ Կեմերովոյի հյուրերը` նաև գյումրեցի փոքրիկի «Գարունը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Արդեն տասներորդ անգամ անցկացվող «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակում Գյումրին առաջին անգամ հյուրեր ընդունեց նաև Կեմերովոյից, որոնց համար անակնկալ էր պատրաստել գյումրեցի 10 տարեկան Յունոնա Մամյանը: Նա իր «Գարուն» ստեղծագործությունը հանձնեց հյուրերին և խնդրեց փոխանցել Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի ժամանակ մահացած 10 տարեկան աղջկա մայրիկին:

Կեմերովոյի Արվեստի պետական ինստիտուտի արվեստի բաժնի դեկան Նինա Շորոխովան մեզ հետ զրույցում նշեց, որ կեմերովցիներին արդեն պատմել է փոքրիկ Յունոնայի նվերի մասին, և գյումրեցի փոքրիկին հավանաբար կհրավիրեն Կեմերովո, որպեսզի հրդեհի ժամանակ դստերը կորցրած մայրն անձամբ շնորհակալություն հայտնի փոքրիկ հայուհուն:

Картина "Весна" десятилетней Юноны Мамян

Շորոխովան շատ շնորհակալ է մշակութային այս կարևոր միջոցառման հրավեր ստանալու և հայերի ընդունելության, ջերմ վերաբերմունքի ու կարեկցանքի համար։

«Շատ հուզիչ է, երբ այս պահին կողքիդ հայտնվում են մարդիկ, որոնք ձեռք են մեկնում քեզ: Հայտնվում են կարեկցող մարդիկ հեռավոր, բայց արդեն այնքան հարազատ Հայաստանից: Անչափ շնորհակալ ենք փառատոնի կազմակերպիչներին մեզ հրավիրելու ու մշակութային այս փայլն ու ամենակարևորը՝ վերածննդի ուժը զգալու համար»,- Sputnik Արմենիային ասաց Նինա Շորոխովան։

Կոմիտասյան «Կռունկով» ու սպիտակ փուչիկներով. Գյումրին շարունակում է սգալ

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնն այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման 10-ամյակին, Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին և «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնի 10-ամյակին:

Այս օրերին Գյումրու բոլոր արվեստի դպրոցներում ակտիվ եռուզեռ է: Մրցույթներ, վարպետության դասեր, հանդիպումներ աշխարհահռչակ երաժիշտ-կատարողների հետ: Մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով, 21 անվանակարգերով: Իրենց անվանակարգերում 21 հաղթողներին շնորհվելու է Մեծ մրցանակ, շուրջ յոթ տասնյակ ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին՝ I, II, III,IV և V կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում: Բոլոր մասնակիցները ստանալու են խրախուսական մրցանակներ և տարբեր դիպլոմներ:

2018թ-ին «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել 37 երկրի ավելի քան 3100 անհատ կատարող և համույթ:

«Վերածնունդ» 10-րդ միջազգային մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը կայացել է ապրիլի 5-ին։