Հայաստանում բնակվող 23 տեսակի օձերից թունավոր են միայն 4-ը, բոլորը` իժեր։ Դրանք են Դարևսկու իժը, լեռանատափաստանային իժը, կովկասյան գյուրզան և, իհարկե, հայկական իժը։
Մարդու և օձերի հանդիպումները գրանցվում են ապրիլից, երբ սողունները դուրս են գալիս քնից։ Սակայն խայթելու առավել շատ դեպքեր գրանցվում են գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանում` հունիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին։ Վտանգից խուսափելու 2 շատ արդյունավետ միջոց կա։ Առաջինը ռետինե երկարաճիտ կոշիկներն են, երկրորդը` դոփյունով քայլելը։ Օձերը գրեթե կույր են և չունեն լսողության օրգաններ, դրա փոխարեն ամբողջ մարմնով զգում են ցանկացած տատանում։ Երբ մենք դոփելով քայլում ենք, տատանում ենք առաջացնում, և իժերը, զգալով վտանգը, հեռանում են։
Իսկ ինչ անել, եթե օձն, այնուամենայնիվ, խայթել է մեզ։ Ոչ մի դեպքում չի կարելի խուճապի մատնվել, ինչն արագացնում է արյան շրջանառությունը։ Պետք է կանգնել ստվերոտ վայրում և մեծ քանակությամբ ջուր խմել։ Դաշտ դուրս գալուց առաջ ձեզ մոտ պահեք հեռախոս և բավարար քանակությամբ ջուր։
Հայաստանում տարածված 4 տեսակներից առավել վտանգավորը կովկասյան գյուրզան է, ապա հայկական իժը, մյուս երկու տեսակները` լեռնատափաստանային իժը և Դարևսկու իժը, գրեթե վտանգավոր չեն։
Եթե հակաթույն չենք ստացել, բնավ չի նշանակում, թե պիտի մեռնենք, որովհետև մեր իժերի թույնը մահացու չէ։ Մահով ավարտվող դեպքերը եզակի բացառություն են։ Մարդը մեռնում է ոչ թե թույնի տոքսիկ հատկությունների պատճառով, այլ ալերգիայի։