Լևոն Արոնյանի կինն ու վարչապետի ևս ութ խորհրդականներն ազատվել են պաշտոնից

Հաջորդ շաբաթ կառավարությունն ամբողջ կազմով կազատվի աշխատանքից։ Նախարարների նոր կաբինետը կձևավորվի վարչապետի ընտրությունից հինգ օրվա ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` նրա ինը խորհրդականներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել կառավարության կայքում։

Ազատված խորհրդականների թվում է նաև շախմատիստ Լևոն Արոնյանի կինը` ֆիլիպինուհի Արիաննե Բո Կնուպպե Կաոիլին։

Մեկ հուշարարի Հայաստանը. ի՞նչ դեր են նախատեսել Կարեն Կարապետյանի համար

Պաշտոնից ազատվել են նաև Էդուարդ Ներսեսյանը, Համլետ Հովսեփյանը, Էրիկ Գյուլազյանը, Արմեն Ավակ Ավակյանը, Ալեքսանդր Խաչատուրյանը, Մհեր Տերտերյանը, Սամվել Սարգսյանն ու Վռամ Գյուլզադյանը:

Նշենք, որ հաջորդ շաբաթ կառավարությունն ամբողջ կազմով կազատվի աշխատանքից։ Նախարարների նոր կաբինետը կձևավորվի վարչապետի ընտրությունից հինգ օրվա ընթացքում։ Վարչապետի ընտրությունները կկայանան ապրիլի 17-ին։

Հայաստանի նոր Սահմանադրության համաձայն, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 9-ին, հանրապետությունը կանցնի կառավարման խորհրդարանական մոդելի, որի ժամանակ իշխանական լծակները կանցնեն վարչապետին։