ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Հայ ռեկորդակիրները, որոնց ձեռքբերումները գրանցվում են ռեկորդների ազգային գրքում` Դյուցազնագրքում, այլ երկրների ներկայացուցիչների համեմատ այդքան էլ հաճախ չեն հայտնվում Գինեսի ռեկորդների գրքում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Դյուցազնագիրք» ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը։
«Ամեն տարի մենք ավելի քան 65 հազար հայտ ենք ստանում աշխարհի տարբեր երկրներից, դրանցից միայն 40 հազարն է հաստատվում։ Մեր ռեկորդակիրները անգլիացիներին կամ ամերիկացիներին ոչ մի բանով չեն զիջում, սակայն համապատասխան ֆինանսավորման բարդություններ են առաջանում։ Գործը չի հասնում մեր հայտերի դիտարկմանը», — ասաց Թովմասյանը։
Հայաստանի ներկայացուցչի գրանցած վերջին ռեկորդը եղել է 2018 թվականի սկզբին։ Մարզիկ Արտյոմ Սոլոյանը բռունցքների վրա պոկումների ռեկորդ է սահմանել։ Նրա արդյունքը` մեկ րոպեում 124 պոկում։
Ջութակահար Նիկոլայ Մադոյանը 2017 թվականին ամենաերկար ելույթի ռեկորդ է սահմանել։ Այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Նա 35 ժամվա ընթացքում 59 ստեղծագործություն է կատարել։ Մադոյանը դադարեցնում էր իր ելույթը ամեն ժամ միայն հինգ րոպեով։
Բացի այդ, Մադոյանը համաշխարհայինի մակարդակին հավակնող ևս երկու ռեկորդ է սահմանել, սակայն Գինեսի ռեկորդների գրքի գրանցման համաշխարհային կոմիտեն միայն առաջինն է հաստատել։
«3 ժամ 25 րոպեում նա Նիկոլո Պագանինիի վեց կոնցերտ է կատարել ջութակի ու նվագախմբի համար։ Նա նաև գերազանցել է անգլիացու ռեկորդը` 47 վայրկյանում Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործություններից մեկը նվագելով։ Անգլիացին նվագել էր այն 53 վայրկյանում», — պարզաբանեց Թովմասյանը։
Նա ընդգծեց, որ Մադոյանի նման շատերը կան, սակայն հաճախ նրանց անապահով ընտանիքներից են կամ միջին ունեցվածքի տեր. այդպիսիներին ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ։
«Մեր ազգը դյուցազունների ազգ է։ Մեր երեխաները պարբերաբար ռեկորդներ են սահմանում, սակայն դրանք այդպես էլ մնում են միայն մեր գրքում», — ասաց Թովմասյանը։
Նրա խոսքով ` շուտով Հայաստանում կարող է Գինեսի ռեկորդների գրքին արժանի նոր ռեկորդ սահմանվել։ ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ Վազգեն Մելիքյանը 2012 թվականին ռեկորդ է սահմանել։ Նա երկու տոննայանոց բեռնատարը քաշել է ավելի քան 800 մետր։ Հիմա նա մտադիր է գերազանցել իր իսկ սահմանած ռեկորդը ու նվիրել այն Առաջին հանրապետության 100-ամյակին։
Թովմասյանը պարզաբանում է, որ Հայաստանում ամենազարգացած սպորտաձևերը ըմբշամարտն է, բռնցքամարտը, ծանր աթլետիկան, նաև նոր կյանք են առնում ակրոբատիկան, ջրացատկը և մարմնամարզությունը։