Արվեստը` եղբայրության ուղերձ. Վատիկանում կբացվի Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը

Վատիկանում Նարեկացու արձանի տեղադրումը մտերմության նշան է, կարծում է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Vatican News-ին տված հարցազրույցում խոսել է այսօր Վատիկանի այգիներում տեղադրվելիք  Տիեզերական եկեղեցու վարդապետ, էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողության մասին։

Նրա խոսքով` Նարեկացու արձանի տեղադրումը մտերմության նշան է։

Վատիկան այցելողներն այսուհետ կհանդիպեն Գրիգոր Նարեկացու բրոնզե արձանին

«Վատիկանի պարտեզներում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրումը խորհրդանիշ է՝ երկու իրականությունների, երկու եկեղեցիների միջև եղբայրության, բոլոր քրիստոնյաների, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի քրիստոնյաների եղբայրության»,- ասել է Միքայել Մինասյանը։

Նարեկացու բրոզաձույլ արձանի հեղինակը  հայտնի քանդակագործ Դավիթ Երևանցին է։ Ձուլվել է արձանի երկու օրինակ`մեկը՝ Վատիկանի պարտեզների, իսկ մյուսը՝ Էջմիածնի վեհարանի պարտեզների համար։

«Արվեստն այսպիսով դառնում է եղբայրության ուղերձ, որ կարող է միավորել քույր եկեղեցիներին»,- նշում է Vatican News-ը:

«Մենք, նախ և առաջ հիշում ենք Ֆրանցիսկոս պապի ճանապարհորդությունը՝ որպես ուխտագնացություն։ Բազմաթիվ ուխտագնացներ Ֆրանցիսկոս պապից օրինակ են վերցրել և սկսել են ուխտագնացություններ կատարել քրիստոնյա, մշակույթով հարուստ, արևելյան, բայց միևնույն ժամանակ նույնքան արևմտյան այդ երկիր։

Վատիկանի պարտեզներում արձանի տեղադրման այս գաղափարը քննարկվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի միջև, երբ Նախագահը Սուրբ Հորը նվիրեց այդ արձանի փոքր օրինակը՝ որպես երախտագիտության նշան Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոսը շնորհելու համար»,- պատմել է Միքայել Մինասյանը։

Նշենք, որ օծման արարողությանը, ի թիվս այլ բարձրաստիճան հյուրերի, կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը։