ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Հայաստանից և ԵԱՏՄ մյուս երկրներից Ռուսաստան մեկնած մեքենաները կարող են ավելի հեշտությամբ տեխնիկական անձնագիր ստանալ այնտեղ։ Ինչպես հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, այդ մեքենաներից այլևս տրանսպորտային միջոցի անվտանգության մասին փաստաթուղթ չեն պահանջի։
«Անիվավոր տրանսպորտային միջոցների մասին» եվրասիական տեխնիկական կանոնակարգը նախատեսում է, որ երկրները պետք է ճանաչեն տվյալ պետությունների նույնատիպ փաստաթղթերը և երկրորդ փաստաթուղթ չպահանջեն մյուս երկրի համար։
Բացի այդ, ԵԱՏՄ երկրներում մինչև 2017թ.-ի հունվարի 1-ը գրանցված մեքենաները կարելի է ներկրել Ռուսաստան առանց արտակարգ ծառայությունների կանչի համակարգի (ԷՐԱ ԳԼՈՆԱՍՍ)։ Նոր մեքենաներում այդ համակարգը պարտադիր է։ Դրա օգնությամբ որոշում են վթարի վայրը և փոխանցում տագնապի ազդանշանը։ Ավելի հին մեքենաների համար, որոնք բերվել են ԵԱՏՄ այլ երկրներից, այդ համակարգը չեն պահանջի։
Նշենք, որ ԵԱՏՄ-ին անդամագրվելիս Հայաստանը 5 տարով (այսինքն մինչև 2020թ.-ը) ազատել է ԷՐԱ ԳԼՈՆԱՍՍ-ի պարտադիր պահանջից։
ԵԱՏՄ-ում գործում է ավտոմեքենաների գրանցման հեշտացված կարգ, որն ընդունվել է նաև Հայաստանում։ Եթե քաղաքացին մշտապես բնակվում է Հայաստանում և վարում ԵԱՏՄ այլ երկրում գրանցված ավտոմեքենա, ապա կրկնակի հաշվառումը պարտադիր չէ։
ԵԱՏՄ մյուս երկրների բնակիչները, որոնք մուտք են գործում Հայաստան, նույնպես կարող են չդիմել գրանցման համար։ Բավական է սահմանին անձնագիր և վարորդական իրավունքի վկայական ներկայացնել, և ավտոմեքենան գրանցված կհամարվի վարորդի` երկրում գտնվելու ամբողջ ընթացքում։