Սիմոնը` Արշակի որդին, Սիմոն Արշակի Տեր–Սիմոնյանն է, նա աշխարհին հայտնի է որպես Կամո։ Իսկ ինչու՞ Կամո. ռուսերենին ոչ բավարար տիրապետելու պատճառով նրա Կամո է կոչել հենց ինքը` ընկեր Ստալինը։
Հիմա` ավելի մանրամասն։ Երբ Գորիում երկու երիտասարդ չեն առանձնանում օրինակելի պահվածքով, նրանք, անպայման, կհանդիպեն ու, կախված հանգամանքներից, կամ կընկերանան, կամ կթշնամանան։ Սիմոնն ու Իոսիֆն ընկերացան, հատկապես, որ Իոսիֆը ձեռնամուխ էր եղել լավացնել Սիմոնի ռուսերենը, սակայն չի կարելի ասել, որ այդ հարցում մեծ հաջողությունների է հասել. ռուսերեն "кому" –ի փոխարեն նա անընդհատ ասում էր "камо", ինչի արդյունքում և ստացել է իր` Կամո մականունը։
Գորիում ապրող Կամոյի մասին ընդհանուր տեղեկություններ։ Սովորել է հայկական դպրոցում, տասնմեկ տարեկանից քաղաքային ուսումնարան է անցել, որտեղից հեռացվել է հանդուգն պահվածքի համար։ Տեղափոխվել է Թիֆլիս, հետո`կրկին Գորի, ինչի վրա խնդրում ենք հատուկ ուշադրությունդ դարձնել։ Քանի որ Կամոյի քաղաքական լուսավորման մեջ ընկեր Ստալինի դերակատարությունն այս անգամ, կասկածի ենթական չէ ու շատ արդյունավետ է։
1901 թվականին նա դառնում է Ռուսական սոցիալ-դեմոկրատական աշխատավոր կուսակցության անդամ, երկու տարի անց արդեն առաջին անգամ հայտնվում բանտում ու առաջին անգամ փախուստի դիմում։ Հետո կրկին հայտնվում է Թիֆլիսի Մետեխի բանտում ու երեսուներկու բանտարկյալի փախուստ է կազմակերպում։ «Էքշն» ժանրի կինոյի սյուժե։
Հետո` Պետերբուրգ, Շվեդիա, Գերմանիա, Ֆինլանդիա` կոմնս Դադիանիի անվան տակ։ Ինչի՞ համար ու ինչու՞։ Զենքի հետևից ու հեղափոխության համար։
…Եթե Կամոն չդառնար պրոֆեսիոնալ հեղափոխական, նա հիանալի արտիստ կլիներ։ Մարսելցի նավաստի Էդմոն Դանտեսի համար հեշտ էր հայտնվել կոմս Մոնտե–Քրիստոյի դերի մեջ հենց` թեկուզ այն պատճառով, որ նա բազմամիլիոնանոց ունեցվածքի սեփականատեր դարձավ։ Իսկ հարստությունը պարտադրում է համապատասխան պահվածք դրսևորել։ Կամոն, որն, ըստ էության, թափառաշրջիկ էր ու մի քանի որով տիտղոս էր յուրացրել, պետք է իրեն պահեր ըստ ասացվածի. «Եթե հասարակ շապիկով չես կարող քեզ իշխանի պես պահել, քեզանից էլ ի՞նչ իշխան»։ Կամոն կարողացավ իրեն այդպես պահել` լրջություն, վեհություն, անմիջականություն, բայց քանի որ Դադիանին ոչ միայն իշխան էր, այլ վրացի իշխան, դա լրացուցիչ երանգներ էր պահանջում։ Նա ամեն ինչ շատ լավ էր կատարել, ավելի լավ հնարավոր չէր։
Ավելի շատ` նրա մասին։ 1907 թվականի ամառ, Թիֆլիս, Երևանյան հրապարակ։ Ձիերի կառքը` ուժեղացված պահակության ուղեկցությամբ, շարժվում է դեպի Պետական բանկի շենքը։ ԱՆսպասելի պայթյուններ, կրակոցներ են հնչում, իրար են խառնվում մարդիկ, ձիերը, արյուն է հոսում։ Կողոպուտ։ Կամոյի խումբը ոսկյա ռուբլիների պարկեր է գողանում, իսկ որ ամենահետաքրքիրն է` ո՛չ գործողությունը կազմակերպած Ստալինը, ո՛չ է այն իրականացրած Կամոն ոչ մի լումա իրենց չեն պահում, բոլորն ուղարկում են Ֆինլանդիա` Լենինին, հեղափոխության համար։
Այն ժամանակ, երբ այն կոչվում էր Հոկտեմբերյան մեծ հեղափոխություն, կցանկանայի գտնել մարդու, որը կհամարձակվեր գումար վերցնելը հարձակում անվանել, իսկ Կամոյին` գող, լավագույն դեպքում` հարձակվող։ Մինչդեռ ակնհայտ է, որ դասական կողոպուտ է տեղի ունեցել։ Տարբերությունը մեկն է`ավազակները խլում են իրենց համար, Կամոն պետությունից գողանում էր ուրիշների համար։ Այստեղ նմանություն կա Ռոբին Հուդի հետ, որը նույնպես ուրիշների համար էր գողանում։ Սակայն նա խլում էր հարուստներից հանուն աղքատների։
Հերթական անգամ Կամոյին կալանավորել են Գերմանիայում 1907 թվականի նոյեմբերին. Մաոբոթի բանտ, ու այս անգամ բանտարկյալը ձևացել է անբուժելի հոգեկան հիվանդ, որին ինչքան էլ խփես, ցավ չի զգում։
«Այո, կարելի է դիմանալ, ցավը ցույց չտալ, բայց ամեն դեպքում բիբիերը լայնանում են։ Ամեն դեպքում»։
Եվ ահա բանտի աշխատակիցները Կամոյի ձեռքն են տալիս շիկացած շամփուր, մաշկը ծխում է, հանդիսատեսին թվում է` վառվածի հոտ է գալիս, սակայն Կամոյի դեմքի վրա, ինչպես վեպերում «ոչ մի մկան չի ծամածռվում»։ Իսկ բիբե՞րը։ Իսկ բիբերը դավաճանաբար լայնանում են։ Հեղափոխականի խիզախությամբ տպավորված բժիշկը խախտում է Հիպոկրատի երդումն ու Կամոյին անմեղսունակ ճանաչում։
Դա պետք է թեթևացներ դատապարտյալի ճակատագիրը։ Կամոյին Ռուսաստանին են արտահանձնում, Թիֆլիս են բերում, տեղափոխում են բանտի հիվանդանոց, որտեղից, ինչպես և կարելի էր գլխի ընկնել, նա փախչում է։
Հետո կողոպուտի ևս մեկ փորձ է արվում, այս անգամ` անհաջող։ Կամոն վիրավորում է ստանում, կալանավորվում։ Դատարանը վճռում է նրան մահապատժի ենթարկել։ Դատախազը, որը համակրում էր Կամոյին, ձգձգում է վճռի հաստատումը և հասցնում այն Ռոմանովների տոհմի երեք հարյուր ամյակին նվիրված ներման շնորհմանը, որից հետո վճիռը փոխարինում են քսանամյա տաժանակիր աշխատանքով։ Նա այդ տարիներն անցկացնում է Խաշկովի բանտում։
Բայց Կամոն Կամո չէր լինի, եթե ձեռքերը ծալած նստեր ու քսան տարի ազատության սպասեր. «Նա պատրաստվում է փախչել ինչպես կոմս Մոնտե Քրիստոն` մահացած ձևանալով», – գրում է անգլիացի Սայմոն Մոնտեֆիորեն։ Սակայն ստիպված էր հետաձգել փախուստը։ Ինչու՞։ Բանն այն է, որ Դյումայի վեպերը կարդացել էին ոչ միայն բանտարկյալները, այլև բանտի աշխատակիցները, որոնք որոշել էին ապահովության համար մահացած բանտարկյալների գլուխները կոտրել կռաններով։
Կյանքի վերջին տարին` 1922 թվական։ Հունիսի 13, Թիֆլիս. Վերիյսկի իջվածք։ Կամոն իջնում է հեծանիվով, բեռնատար է ընդառաջ գալիս։ Բախում։
«Հարվածն այնքան ուժեղ էր, – գրում էր Թիֆլիսի թերթը, – որ ընկեր Կամոն մի կողմ էր շպրտվել ու,գլուխը հարվածելով մայթի սալաքարին, կորցրել գիտակցությունը։ Հիվանդանոցում ուշքի չգալով` Կամոն մահացել է»։
Վերջաբան. Ի՞նչ է մնացել։ Խորհրդային Միությունում Կամոյի անունով փողոցներ, հրապարակներ, դպրոցներ ու ձեռնարկություններ, խորհրդային տնտեսություններ ու շրջաններ էին կոչում։ 1982 թվականից ու մինչև ԽՍՀՄ փլուզումը Գորիում գործում էր Կամոյի թանգարանը։ Ամեն ինչ անցյալում է։
Կամոյի անունն էր կրում Բաքվի փողոցներից մեկը (վերանվանվել է Սուլեյման Ռագիմովի անունով)։ Մինչև 1966 թվականը Կամո անունը կրել Հայաստանի Նոր Բայազեթ քաղաքը (ներկայիս Գավառը)։
Կամոն որպես անուն մնաց։ Հայաստանում շարունակում են այդ անունը տալ նորածիներին։