Վարչապետի աթոռին ո՞ւմ են նախընտրում տեսնել Հայաստանի բնակիչները. հարցում

Gallup International–ի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցախույզը ցույց է տվել, որ Հայաստանի բնակիչների մեծ մասը գոհ չեն պաշտոնյաների գործունեությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանի բնակիչները երկրի հաջորդ վարչապետի պաշտոնում ՀՀԿ–ից նախապատվությունը տալիս են գործող վարչապետ Կարեն Կարապետյանին և երկրի նախագահի պաշտոնը լքող Սերժ Սարգսյանին։

Դրա վկայությունն են Gallup International-ի հայկական ներկայացուցչության հարցման տվյալները, որոնք այսօր լրագրողներին ներկայացրեց կազմակերպության հայկական ներկայացուցչության (ООО MPG) տնօրեն Արամ Նավասարդյանը։

Ով նշանակի, նրան էլ կերդվեն. նոր կառավարության նշանակման կարգի սև ու սպիտակ կողմերը

Հարցախույզի մասնակիցները պատասխանել են այս հարցին. «ՀՀ նոր սահմանադրության համաձայն` վարչապետի դերն ավելի մեծ նշանակություն ունի։ Այս հանգամանքը հաշվի առնելով` 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ի հավանական թեկնածուներից ո՞ւմ կցանկանայիք տեսնել կառավարության ղեկավարի պաշտոնում»։

Հարցվածների մոտ 30%-ը (շատ քիչ տարբերությամբ) վարչապետի պաշտոնում տեսնում են Կարեն Կարապետյանին և Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի օգտին են պատասխանել հարցվածների 8,6%-ը։

10,9%-ն այլ թեկնածուների են նշել, իսկ 17,2%-ն ասել են, որ ՀՀԿ-ից որևէ մեկին չեն ուզում տեսնել այդ պաշտոնում։ 11,3%-ը դժվարացել են պատասխանել։

Ընդ որում, նախագահի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 29,6%-ը, 60,3%-ն ասել են, որ իրենց դուր չի գալիս Սերժ Սարգսյանի գործունեությունը։ Կառավարության աշխատանքը բավարար են համարել 27,6%-ը, 64,1%-ը նշել են, որ բացասական են գնահատում։ Պատկերը գրեթե նույնն է Ազգային ժողովի աշխատանքի հարցում (69,9%-ը հավանություն չեն տալիս)։

Բացի այդ, հարցվածների մեծ մասն (70,9%) ասել են, որ իշխանությանը չեն վստահում (որից 23,4%-ը «ավելի շատ չեն վստահում, քան վստահում են», ևս 47,5%-ը «ընդհանրապես չեն վստահում»)։

Ընդդիմությունը նույնպես չի կարող պարծենալ բնակչության վստահությունը վայելելու հարցում։ Մասամբ կամ ընդհանրապես ընդդիմությանը չեն վստահում հարցվածների 69,9%-ը։

Հայաստանի նոր վարչապետը երկու նստավայր կունենա

Հարցին, թե ընդդիմադիր գործիչներից վարչապետի պաշտոնում ո՞ւմ կցանկանայիք տեսնել, հարցվածների 26,5%-ը պատասխանել են` «Գագիկ Ծառուկյանին» («Ծառուկյան» դաշինքի ղեկավար)։

Ծառուկյանին հաջորդում է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը (15,3%), այնուհետև «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, որին 10,5 տարվա ազատազրկման են դատապարտել (5,6%)։

Հնգյակը եզրափակում են «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը (4,9%) և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը (3,1%)։

«Ոչ ոքի» տարբերակն ընտրել են 11,8%-ը, ևս 20,5%-ը դժվարացել են պատասխանել հարցին։

Սոցիոլոգիական հարցումն անցկացվել է մարտի 22-30-ը ՀՀ ամբողջ տարածքում։ Հարցմանը մասնակցել են 1120 մարդ։