Թալիշի պահապանները. երբ խեղդում է հիշողությունը

Ապրիլյան պատերազմի օրերին հայրենի հողի համար մահվան դեմ կռիվ տված տղերքի հիշողությունները ծանր են, բայց նրանք այսօր ավելի վստահ են՝ հայրենիքը ծնողի նման թանկ է ու միակը:
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik

Ապրիլյան քառօրյա պատերազմից 2 տարի անց գյումրեցի Սաշա Մեքինյանը փորձում է շատ չխոսել ու չբարձրաձայնել հիշողությունները, հատկապես՝  առաջնագծում զոհված ընկերոջ ու հրամանատարների մասին: Դժվարանում է պատմել. այդ օրերի դասը մեկն է՝ արժևորել կյանքի ամեն մի պահը: «Քո հողը, որտեղ դու ապրում ես, չպետք է թողնես, որ թշնամին ոտք դնի, եթե մոտեցավ քո հողին, կմոտենա քո ծնողներին: Իսկ հայրենիքը սկսվում է ծնողներից»,- ասում է Սաշան:

Սաշայի մասին Sputnik Արմենիան պատմել է դեռ քառօրյայի օրերին: 20 տարեկան էր ու տուն վերադառնալուն 2 ամիս էր մնացել: Թալիշում էր: Հանկարծ օդը երերաց ու խախտեց առանց այն էլ երերուն խաղաղությունը:

Քառօրյա պատերազմ. հիշում և խոնարհվում ենք

Այս օրերին Սաշան լուռ է, քիչ է խոսում, հիշողությունների հետ ուզում է առանձնանալ:

Ընտանիքի անդամներն էլ փորձում են լռելյայն կատարել նրա ցանկությունը: «Մեր բոլորի սիրված ընկեր Գևորգ Վարդանյանին ու 2 հրամանատարներիս եմ կորցրել՝ դասակի հրամանատար Հրաչ Գալստյանին ու վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանին,- ասում է Սաշան ու մի քանի րոպե լռելուց հետո կրկին պատմում:– Նոր էինք դիրքերից իջել ու չէինք սպասում հարձակման: Գիշերը քնած էինք, երբ ջոկատի վրա արկ ընկավ: Սկզբում չէինք հավատում, որ լայնածավալ հարձակում է, քանի որ նոյեմբերից սկսած` պարբերաբար կրակոցներ էին, ապա դադար ու կրկին կրակոց»:

Առավոտյան, երբ հասկացել են, որ թշնամին առաջ է գալիս, վերցրել են զենքերն ու սկսել կռվել՝ ով ինչպես կարող էր: Այսպես կռվել են մինչև ուժերը համախմբել ու երեք ուղղությունով շարժվել են առաջ: «Մենք առաջ գնացինք` իմանալով որ պետք է դիրքը հետ վերցնենք, բայց դիրքում մարդ չկար… իրենք մեզ տանկերով էին «դիմավորում»: Շատ էին ու լավ զինված»:

Հայրենիքի զինվորը վստահեցնում է՝ պատկերացում անգամ չունի` ինչպես է իրենց հաջողվել հաղթել ադրբեջանական այդ ուժին, բայց մի բանում վստահ է` բոլորով, ամբողջ վաշտով մի բռունցք դարձած առաջ էին գնում:

«Մտածելու ժամանակ չունեինք, կար միայն նպատակ՝ ոչ մի գնով չթողնել, հնարավորություն չտալ հակառակորդին առաջ շարժվելու։ Պետք է հետ վերցնեինք դիրքերը ու հետ բերեինք մեր զոհված ընկերների մարմինները»։

Այսպիսի հիշողություները շատ են, բայց դրանք իրենն են ու շատ թանկ: Մեկ էլ ժպիտով հիշում ու պատմում է այդ օրերին համացանցում տարածված հայտնի մի լուսանկարի պատմությունը: «Թալիշցիներով էինք, հրադադարի պահ էր, արդեն Կարմիր Խաչն էր եկել: Առիթից օգտվելով՝ իջանք մի կտոր հաց ուտելու ու հենց այդտեղ էլ նկարվեցինք:

Саша Мекигян

ՀՀ ՊՆ —ի կողմից Սաշա Մեքինյանը պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով: Այժմ ծառայում է սահմանապահ զորքերում, բայց միևնույն ժամանակ շարունակում է ուսումը: Քառօրյա պատերազմից հետո Սաշայի պատգամը մեկն է՝ հայրենիքը պետք է սիրել ու պահել ինչպես ծնողին: