Գարեգին Բ-ն մեկնում է Վատիկան. նրան հրավիրել է Հռոմի պապը

Ամենայն հայոց կաթողիկոսը կմասնակցի Գրիգոր Նարեկացու արձանի բացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ ապրիլի 4-ին, Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հրավերով մեկնում է Վատիկան, ուր ապրիլի 5-ին կմասնակցի Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Տիեզերական եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանը կանգնեցվել է Վատիկանում։

Վատիկան այցելողներն այսուհետ կհանդիպեն Գրիգոր Նարեկացու բրոնզե արձանին

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրեց Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես Պապի` առաջին քրիստոնյա երկիր ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս նախագահ Սարգսյանը հույս հայտնեց, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանեց արձանն ու շնորհակալություն հայտնեց նախագահին՝ տալով իր համաձայնությունը:

Կարճ ժամանակ անց ստեղծագործական թիմը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ, Նարեկացու արձանի հեղինակ Դավիթ Երևանցու գլխավորությամբ գործի անցավ: Ճարտարապետ Միքայել Հասրաթյանը և ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանն ակտիվորեն ներգրավվեցին արձանի ստեղծման աշխատանքներում, իսկ Արթուր Ջանիբեկյանը, ով, ի դեպ, աշխարհում Նարեկի տարածման իսկական նվիրյալ է, միացավ ինձ` դառնալով արձանի երկրորդ բարերարը:

Գրիգոր Նարեկացին հայ միջնադարյան հոգևորական է, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Նա սրբադասվել է Հայ առաքելական եկեղեցու կողմից։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդականություն է վայելում «Մատյան ողբերգության» («Նարեկ») չափածո աղոթքների ժողովածուն։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու Տիեզերական վարդապետների շարքը։