ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Օմբուդսմեն Նինո Լոմջարիայի գրասենյակից Վրաստանի ազգային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդում Իզաբելլա Օսիպովայի ընտրությունը պատմական իրադարձություն է, Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Վրաստանի եզդիների համայնքի ներկայացուցիչ, ներգրավվածության և զարգացման կենտրոնի ղեկավար Ագիտ Միրզոևը։
Մի քանի ժամ առաջ Վրաստանի խորհրդարանը 93 կողմ ձայներով հաստատել է Իզաբելլա Օսիպովայի թեկնածությունը ՎՀՀ հոգաբարձուների խորհրդում երկրի օմբուդսմենի գրասենյակի կողմից։
«Վրաստանի ժամանակակից պատմության մեջ դա ազգային փոքրամասնությունների առաջին իրական հաղթանակն է այդքան կենսական կարևոր հարցում։ Սա նաև Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համատեղ ջանքերի արդյունք է, և այս հարցում հաջողությունը նույնպես նշանակալի իրադարձություն է», – ասաց նա։
Նա վստահ է, որ սա ազգային փոքրամասնությունների վերջին ձեռքբերումը չէ, քանի որ միահամուռ կարելի է հաղթահարել ցանկացած արգելք։ Ազգային փոքրամասնությունները` ի դեմս Օսիպովայի, խոսափող կունենան ՎՀՀ հոգաբարձուների խորհրդում, ասաց Միրզոևը։
Ազգային փոքրամասնությունների համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները վստահ են, որ Օսիպովան ընտրվել է այդ պաշտոնում իրենց ակտիվ մասնակցության շնորհիվ։
«Օսիպովան պրոֆեսիոնալ է, նա ուշադրություն կդարձնի ոչ միայն ազգային փոքրամասնությունների խնդիրներին։ Մենք հիմա մեր ներկայացուցիչն ունենք ՎՀՀ հոգաբարձուների խորհրդում», – ասաց Միրզոևը։
Վրաստանի եզդիների համայնքի ղեկավարը վստահություն հայտնեց, որ Իզաբելլա Օսիպովան նոր պաշտոնում կնպաստի, որպեսզի ազգային փոքրամասնություններն ավելի շատ ներկայացվեն ԶԼՄ–ներում։
«Կարևոր է, որպեսզի փոքրամասնությունների համար նշանակալի իրադարձությունները չանցնեն հանրային հեռարձակողի կողքով։ Դա թույլ կտա նրանց դառնալ վրացական հասարակության մաս», – եզրափակեց Միրզոևը։
Հիշեցնենք, որ ապրիլի 2–ին Լոմջարիան առաջադրել է այդ պաշտոնում Օսիպովայի թեկնածությունը։
Ավելի վաղ Լոմջարիան առաջադրել է այդ պաշտոնում «Քաղաքացիական զարգացման գործակալություն» ՀԿ–ի տնօրեն Զվիադ Դևդարիանիի թեկնածությունը, որն այնուհետև հրաժարվել է առաջարկից։
Վրաստանի ազգային փոքրամասնությունների համայնքային կազմակերպությունների գրեթե 60 ներկայացուցիչ, որոնց շարքում հինգ ադրբեջանցիներ կան, մի քանի շաբաթ կոչ են արել Լոմջարիային աջակցել Օսիպովայի թեկնածությանը, որն առաջադրվել է այդ պաշտոնում չորրորդ անգամ։