Հարյուր հազարավոր նոր աշխատատեղեր, 4 մլն բնակչություն. նախագահի Հայաստանը 2030–ին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության անդամների հետ քննարկել է Հայաստանի զարգացման 2030թ–ի ռազմավարությունը։Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ մշակվել է հավակնոտ, բայց իրատեսական ծրագիր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Բարձր տնտեսական աճ, որն զգալի կլինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, մինչև 2030թ–ը ստեղծել մի քանի հարյուր հազար աշխատատեղ, մինչև 2040 թվականը ՀՀ բնակչությունը հասցնել 4 մլն–ի։ ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է Հայաստանի զարգացման առաջիկա 12 տարվա ռազմավարությունը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյան. «2040 թվականին նպատակ կա Հայաստանում ունենալ 4 միլիոն բնակչություն»

«Մենք պայմանավորվեցինք, որ մինչև 2030 թվականը ջանքեր ենք գործադրելու մարդկային կապիտալի զարգացման համար, այսինքն՝ զգալիորեն պետք է ավելացնենք կրթությանն ու առողջապահությանը հատկացվող գումարները: Մենք մեզ վրա պարտավորություն ենք վերցրել, և ծրագրում պետք է ներառված լինի մինչև 2030 թվականը մի քանի հարյուր հազար աշխատատեղերի ստեղծում, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ»,– անդրադառնալով «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի հիմնական դրույթներին նշել է Ս.Սարգսյանը։

Նախագահը կարևորել է նաև երիտասարդության շրջանում գործազրկության հաղթահարումն ու աղքատության էական նվազումը։ Իսկ դրա համար անհրաժեշտ են հարկային դաշտի բարեփոխումներ։

«Մենք շատ ավելի կարճ ժամկետում և ոչ մինչև 2030 թվականը, պետք է հասնենք ստվերի էական կրճատման և փաստաթղթաշրջանառության ներդրման, առանց որի մենք չենք կարողանալու մեր հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարելավել, ինչն ուղղակի պարտադիր է բյուջետային ծախսեր կատարելու համար»,– ասել է նախագահը։

Սերժ Սարգսյանը նշել է, որ ներկայացված փաստաթուղթը պետք է տեսանելի, հասկանալի և ընկալելի լինի ինչպես կառավարության բոլոր անդամների, այնպես էլ քաղաքացիների համար, քանի որ քաղաքացիների սատարման պարագայում գործադրվող ջանքերը, նախագահի համոզմամբ, շատ ավելի արդյունավետ կլինեն:

Քննարկմանը ներկա վարչապետ Կարեն Կարապետյանը հակիրճ ներկայացրել է իրականացված աշխատանքների ընթացքը և արդյունքները՝ նշելով, որ մշակվել է հավակնոտ, բայց իրատեսական ծրագիր, որում արտացոլված են երկրում տնտեսության և կյանքի որակի փոփոխությունների ուղղությամբ թիրախները և նախատեսվող քայլերը: