ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik, Անի Լիպարիտյան. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հսկա է և երևույթ ռուսական կինեմատոգրաֆում: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց «Օսկարի» մրցանակակիր, դերասան և ռեժիսոր Վլադիմիր Մենշովը` պատասխանելով իր հայ գործընկերների մասին հարցին, որոնցից շատերի հետ նա աշխատել է նույն նկարահանման հրապարկում։
«Դմիտրի Խառատյանին հայ անվանելը դժվար է, նա կարծես մեկ քառորդով է հայ։ Միայն նրա ազգանունն է հայկական։ Իսկ Արմեն Ջիգարխանյանը, իհարկե, հսկա է, երևույթ մեր կինեմատոգրաֆում։ Ցավոք, վերջին շրջանում նրան ներքաշեցին այդ պատմության մեջ (ամուսնալուծությունը և ընտանեկան դրաման` խմբ.)։ Բայց կարծում եմ, որ նա դրանով չի հիշվի»։
Ժամանակակից կինո
Կարծիք կա, որ ժամանակակից ռեժիսորներն այլևս գլուխգործոցներ չեն նկարում, ինչպես խորհրդային տարիներին։
«Չեմ սիրում բարձրացնել այդ թեման։ Ես շատ բան չեմ նայում, բաց եմ թողնում։ Իմ աղջկանից իմացա, որ էկրան է բարձրացել «Ես նիհարում եմ» ծիծաղելի ֆիլմը։ Անպայման կնայեմ», — նշեց մեր զրուցակիցը։
Ռուս կինեմատոգրաֆիստները բարդ շրջան են անցել, պատմում է Մենշովը։ Հատկապես բարդ է եղել 90-ականներին և 2000-ականներին։ Կարծես թե, հիմա բոլորը սովորել են… Եվ ահա բեկումնային պահ եղավ, վերջին շրջանում հաջող ֆիլմեր են հայտնվել։
«Դրանք ֆիլմեր են, որոնք վերադարձնում են փողերը։ Եվ դա մեր գլխավոր խնդիրն է», — ասաց ռեժիսորը։
Ճիշտ ռեժիսոր
Անքուն գիշերներ, երբ հասկանում ես, որ չես տեղավորվում ժամանակի մեջ, հորինում ես նոր սյուժեներ, գրում ես ամեն ինչ, սցենարներ ես ստեղծում. ահա դա կոչվում է ռեժիսուրա։
«Ռեժիսուրան միշտ հետաքրքրել է ինձ։ Ավելի շատ, քան դերասանի մասնագիտությունը»։
Դեպի վեր
Մենշովը խորհրդածում է կյանք-արվեստ փոխադարձ կապի մասին։
Ինչ-որ գիտելիքների տիրապետելու հարցում համառությունն անսպասելիորեն հանգեցնում է լավ արդյունքի։ Միշտ անսպասելի։ Թվում է, որ մնացել ես լեռան ստորոտին, չես հասել գեղանկարչության, քանդակագործության, մշակույթի գագաթին։ Մտածում ես, որ երբեք չես հասնի, չես տեսնի…
«Ես եկել եմ շրջանից։ Հիշում եմ` ինչպես մտա Պուշկինի անվան թանգարան. շրջում էի, դիտում Ռեմբրանտի, Տիցիանի գործերը… Հետո, երբ ընդունվում էի, սկսեցի թատրոններ գնալ։ Ոչ միանգամից, բայց ընդունվեցի։ Աստված նվիրեց ինձ Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դպրոց-ստուդիան»։
Նա ցանկացել է ընդունվել Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ (ВГИК)։ Բայց այդ ժամանակ տեսել է այլ աշխարհ, ծանոթացել դրա հետ, թատրոնի աշխարհը չափազանց հետաքրքրել է նրան։
Գալիս էին հայտնի դերասաններ, ռեժիսորներ։ Օրինակ` Ջորջո Ստրելերը (իտալացի ռեժիսոր, դերասան` խմբ.)։
«Մեծ ռեժիսորները գալիս էին մեծ ներկայացումներով։ Մենք գաղտագողի սպրդում էինք, նստում աստիճաններին, պատին սեղմված կանգնում…»
Երիտասարդությունը
Մենշովն իր ուսանողներին խորհուրդ է տալիս ներկայացումներ դիտել։ Իսկ կինոն ամենուր հասանելի է։ Առանց պատկերավոր մտածողության ռեժիսուրան թույլ է։
«Ես աշխատել եմ երիտասարդների հետ, պատանի դերասաններ ընտրել իմ ֆիլմերի համար, նկարահանել դպրոցականների։ Ինձ հաջողությունը բերեց Դիմա Խառատյանը։ Նրանց տեսա բառացիորեն փողոցում, դպրոցականներ էին, ոչ մի փորձ չունեին»։
Մոսկվան արցունքներին հավատո՞ւմ է
«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել, բայց մեծ գնով է տրվել ինչպես սցենարի վրա աշխատանքն, այնպես էլ նկարահանումները։ Ամենահետաքրքիրը սկսվեց, երբ ֆիլմն էկրան բարձրացավ։ Կինոքննադատները շատ բացասական մեկնաբանություններ գրեցին դրա վերաբերյալ։
Նրանք ասում էին, որ դա «բոլորովին այն չէ, ինչով պետք է զբաղվի լուրջ կինեմատոգրաֆիստը», հակասություններ սկսվեցին։ Չէ՞ որ պետք էր նկարել մտավորականության մասին, հատկապես ստեղծագործական։ Իսկ ահա գործարանի աղջիկները…
«Ասում էին` «ի՞նչ կինո է»։ Մեծարգո մարդիկ միայն վատ արձագանքներ էին գրում այդ ֆիլմի մասին։ Բայց ֆիլմը հավանել էր Բրեժնևը, և այն ուղարկեցին «Օսկար» մրցանակի։ Մեզ մոտ, բնականաբար, «Օսկարի» մրցանակաբաշխությունը չցուցադրեցին, բայց 1981թ-ին ֆիլմը մրցանակ տարավ («Օսկար»` լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում)։
Ապրիլի 4-ին տեղի ունեցավ Վլադիմիր Մենշովի հանդիպումն ուսանողների` ապագա դերասանների, ռեժիսորների, սցենարիստների հետ։ Երիտասարդությունը մեծ հաճույքով, շունչը պահած լսում էր Վլադիմիր Վալենտինովիչի պատմությունները և խորհուրդները։
Իսկ ուսանողներից մեկը դասախոսության վերջում խոստովանեց, որ ամեն ինչ այնքան բովանդակալից և զգացմունքային էր, որ հարցեր չեն մնացել…