Գյումրիում ռուս զինծառայողին սպանած հային կդատեն փակ դռների հետևում

Դատավոր-ամբաստանյալ «բանավեճից» հետո նիստը որոշվեց անցկացնել դռնփակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. 3 դատական նիստ տարբեր պատճառներով հետաձգվելուց հետո ապրիլի 3-ի վերջապես բոլոր կողմերի ներկայությամբ մեկնարկեց 2017 թվականի ապրիլ 22-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության գործով դատական նիստը: Սակայն «իսլամիստի» գործով դատական նիստերն այսուհետև կլինեն դռնփակ:

Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մանրամասները

Այս որոշումը կայացրեց դատը նախագահող դատավոր Վահե Միսակյանը՝ հաշվի առնելով ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը: Նշենք, որ նիստը մեկնարկեց ամբաստանյալի շահերի պաշտպան Գուրգեն Հարությունյանի միջնորդությամբ՝ լրատվամիջոցների կողմից տեսա-լուսանկարահանումներն արգելելու վերաբերյալ՝ հաշվի առնելով գործի հնչեղությունն ու գործով ներգրավված անձանց և անձամբ ամբաստանյալի անվտանգությունը:

Պետական մեղադրող Արթուր Չախոյանն առարկեց, դատավորն էլ թույլատրեց նկարահանումներ իրականացնել որոշակի սահմանափակումներով՝ չնկարել ամբաստանյալին կամ վկաներին։

Ամբաստանյալ Արման Ջանջուղազյանն էլ հրաժարվեց ներկա գտնվել նիստին՝ փորձելով լքել նիստերի դահլիճը:

«Ես հրաժարվում են նիստին մասնակցել: Ես ոչ հարց ունեմ, ոչ ասելու բան և չեմ ուզում ենթարկվել»,- նշեց ամբաստանյալը:

Նիստը նախագահող դատավոր փորձեց կարգի հրավիրել։

«Այստեղ ուզելով չէ, և պարտավոր եք ենթարկվել դատարանին: Դատարանի հետ բանավիճելու իրավունք չունեք,- նշեց դատավորը՝ կարգադրելով նստել:

ԻՊ–ը Հայաստանում. ջախջախված ահաբեկիչները ճանկերը ձգում են դեպի առաջին քրիստոնեական երկիր

Մի քանի անգամ չենթարկվելով դատավորի նկատողություններին՝ առանց թույլտվության խոսելու, դատարանը լքելու փորձի, դատավորը սանկցիա կիրառեց՝ նկատողության ենթարկելով, որից հետո ընդմիջում հայտարարվեց:

Ընդմիջումից հետո ներկայացվեց դատական կարգը, որից հետո, ամբաստանյալի ինքնության ճշտման գործընթացի ժամանակ, ամբաստանյալի շահերի պաշտպան Գուրգեն Հարությունյանն այդ հատվածը դռնփակ անցկացնելու միջնորդություն ներկայացրեց:

Հավելենք, որ, վկաների հարցաքննման փուլի ընթացքում, կրկին ամբաստանյալի շահերի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստերը դռնփակ անցկացնելու վերաբերյալ կրկին՝ վտանգի մտավախությամբ: Միջնորդություն ընդունվեց: Ի դեպ, այսօր դատարանը լսելու էր վկաներ Անահիտ և Ռոբերտ Ջանջուղազյաններին:

Ըստ մեղադրանքի՝ Արման Ջանջուղազյանն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ ապրիլի 22-ին ժամը 17:30-ի սահմաններում կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրիում դանակով մի քանի անգամ հարվածել է ՌԴ քաղաքացի, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևին՝ սպանելով նրան: