Շարժական տեսախցիկներից պատգամավորներն էլ են դժգոհ

Հայաստանում տարեսկզբից կիրառվող շարժական տեսախցիկներն ու դրանց արձանագրած խախտումների նկատմամբ կիրառվող տուգանքներն Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Խորհրդարանը կվերահսկի շարժական տեսախցիկներով արձանագրվող խախտումների նկատմամբ կիրառվող տուգանքների գործընթացը: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

«Մենք մեր ընդդիմադիր գործընկերների հետ այս հարցով բուռն քննարկում ենք ունեցել: Ուսումնասիրել ենք տեսաձայնագրման, տեսանկարահանման միջոցով ճանապարհային երթևեկության խախտումների օրենսդրության ու պրակտիկ կիրառման հարցերը»,- ասաց Կոստանյանը` հավելելով, որ պատգամավորներին մտահոգել է տուգանքների կիրառման խնդիրը:

Կոստանյանը կարևորեց, որ խախտումների արձանագրումը պետք է ունենա ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ նշանակություն: Բացի այդ կարևորէ, որ շարժական տեսախցիկների աշխատանքը չխախտի քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Կոստանյանը նշեց, որ հարցը քննարկվել է ընդդիմադիր «Ելքի» պատգամավորների հետ, և որոշում է կայացվել խորհրդարանական վերահսկողության կենտրոնում պահել ներկայացված խնդիրը: