ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Հայկական կողմը պատրաստ է ռուս գործընկերների հետ քննարկել լոլիկների արտահանմանն առնչվող խնդիրը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին տեղեկացրել է Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը։
Հիշեցնենք, որ ըստ ռուսական լրատվամիջոցների` «Ռոսսելխոզնադզորը» մտադիր է Ռուսաստանի Դաշնություն առաքման համար նախատեսված հայկական լոլիկի խմբաքանակի նախնական ստուգում անցկացնել վերաարտահանման կասկածների պատճառով:
Այս որոշումը կայացվել է Հայաստանից ՌԴ լոլիկի առաքման ծավալների զգալի աճի կապակցությամբ` արտադրության ծավալների և լոլիկ արտադրողների անունների մասին ամբողջական տեղեկատվության, ինչպես նաև արտադրանքի ծագման երկրի մասին հուսալի տեղեկությունների բացակայության պայմաններում:
Ռուսական իշխանությունները բազմիցս նշել են, որ Թուրքիայից լոլիկները շարունակում են ապօրինի հայտնվել Ռուսաստանում վերաարտահանման ճանապարհով, մասնավորապես` Բելառուսից, Հայաստանից և Ադրբեջանից:
Ռուսաստանը 2016 թվականի հունվարի 1-ից Թուրքիայից մի շարք ապրանքների մատակարարումն արգելել էր ի պատասխան 2015 թվականի նոյեմբերի վերջին Սիրիայում թուրքական օդուժի հարձակմանը ռուսական Սու-24-ի վրա: 2016 թվականի աշնանից սկսած, սահմանափակումները աստիճանաբար վերացվում էին, սակայն Թուրքիայի համար ամենակարեւոր ապրանքներից մեկի՝ լոլիկի մատակարարման արգելքը պահպանվել է մինչեւ 2017-ի նոյեմբեր:
Ուստի «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչները մտադիր են ժամանել Հայաստան և վերահսկել` որքան լոլիկ է բեռնվում այստեղ դեպի Ռուսաստան արտահանելու նպատակով և արդյոք հենց այդքան քանակությամբ բանջարեղեն է հասնում մաքսակետ։
Նվարդ Առաքելյանի հավաստիացմամբ` ռուսական կողմը իրենց չի դիմել և ոչ էլ իրենց անհանգստությունն է ներկայացրել գրավոր տեսքով, ինչպես նաև չեն առաջարկել համատեղ վերահսկողություն իրականացնել։
Նա նաև հիշեցրեց, որ ռուս գործընկերների հետ մշտապես տեղեկություն են փոխանակում, և ռուսական ընկերությունը հնարավորություն ունի էլեկտրոնային ռեժիմով ծանոթանալ Հայաստանից արտահանվող մրգերի և բանջարեղենի յուրաքանչյուր խմբաքանակի ֆիտոսանիտարական հավաստագրերին։
Նկատենք, որ 2017 թվականի առաջին կիսամյակում, ըստ վիճակագրական տվյալների, լոլիկի արտահանումը Հայաստանից ոչ թե ավելացել է, այլ նվազել` 30 հազար տոննայից հասնելով 18 հազար տոննայի։ Արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է։