Պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ, պայթել է 20 կգ-անոց բալոնը

Նախնական վարկածով Հյուսիսային պողոտայի պայթյունի պատճառը անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը, իրացնելը կամ ծառայություններ մատուցելն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Հյուսիսային պողոտայի Բուրգեր Քինգ արագ սննդի կետի խոհանոցում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Դավիթ Տոնոյանը նշել է, թե ինչն է եղել Բուրգեր Քինգում պայթյունի պատճառը

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

«ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը»,- գրել է Տռուզյանը:

Նա նաև հայտնել է, որ ստեղծվել է քննչական խումբ, նշանակվել փորձաքննություններ։ Նախնական վարկածի համաձայն՝ պայթել է գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը։ Պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 8 մարդ, որոնցից մեկի՝ 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիճակը գնահատվում է ծանր։