ProMAQ ընկերության նոր հայկական ԱԹՍ-ն կկարողանա փոքր, սակայն բավական մարտական արկ տեղափոխել։ Նոր մոդելը ներկայացվեց Երևանում կազմակերպած պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec ցուցահանդեսին։
Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ընկերության ներկայացուցիչ Սարգիս Հայրապետյանը, նոր մոդելները գծագրվել և արտադրվել են Հայաստանում։ Դրանց համար նոր լուծումներ են մտածել` և՛ աերոդինամիկ, և՛ էլեկտրոնային։ Բացի այդ սարքերը բավական պարզ գործածություն ունեն։ Դրանք կարող են օգտագործվել ոչ միայն հետախուզական նպատակներով (տեսախցիկով), այլև մարտական (արկով)։
«Աշխատանքներ են տարվում, պարզապես ամեն ինչ չի ցուցադրվում», – ավելացրեց Հայրապետյանը։ Սարքերն արդեն փորձարկել են զորավարժարաններում։ Բնականաբար, էլի փորձարկումներ կլինեն, ընդգծեց Հայրապետյանը։ Ընդ որում` սարքերը կարող են նաև խաղաղ նպատակների ծառայել։ Դրանց օգնությամբ կարելի է տեսանկարահանել տեղանքը, քարտեզագրել, օգտագործել փրկարարական և որոնողական աշխատանքների ժամանակ։