ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Դերասան Մուխտար Գուսենհաջիևը, որը նկարահանվել է «Վերջին Մահիկյանը» սերիալում, 22 տարվա ազատազրկման է դատապարտվել մանկական պոռնոգրաֆիայի համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ Մոսկվայի քննչական գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
«Քննչական մարմինների հավաքած ապացույցները դատարանը բավարար է համարել 53-ամյա Մուխտար Գուսենհաջիևի նկատմամբ դատավճիռ կայացնելու համար: Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ Քրեական օրենսգրքի 132 հոդվածի 4-րդ մասով («Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անչափահասի նկատմամբ՝ պոռնոգրաֆիական նյութեր պատրաստելու նպատակով»)»,- նշված է հաղորդագրության մեջ:
Քննությունը և դատարանը հաստատված են համարել, որ 2012-2015 թվականներին Գուսենհաջիևը ազգականների և ծանոթների երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել: Դրանից բացի, նա ծանոթացել է երեխաներ ունեցող կանանց հետ և հետագայում երեխաների նկատմամբ հակաիրավական գործողություններ կատարել: Ամբաստանյալի տան խուզարկությամբ մանկահասակ երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիական տեսանյութեր են հայտնաբերվել:
«Քննության շրջանակում նշանակվել և անցկացվել են բժշկական, սեքսոլոգա-հոգեբանա-հոգեբուժական համալիր, հոգեբանա-լեզվաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները քննությանը թույլ են տվել բոլոր 6 դրվագներով տղամարդուն մեղսագրվող մեղքը հաստատված գնահատել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մոսկվայի Տագանսկյան դատարանի դատավճռով Գուսենհաջիեւին պատիժ է նշանակվել 22 տարի ժամկետով ազատազրկում՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում:
2015 թվականի սեպտեմբերին Գուսենհաջիևը ձերբակալվել է և կալանավորվել է 9-ամյա աղջկա նկատմամբ մի քանի անգամ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեղադրանքով: Այդ ժամանակ աղբյուրը հայտնել էր, որ սեպտեմբերին դերասանը աղջկա նկատմամբ բազմիցս սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել, մեկ անգամ դա տեղի է ունեցել Մոսկվայի հայկական թատրոնում:
Ինքը՝ դերսանը, ով «Վերջին Մահիկյանը» կատակերգական սերիալում մարմնավորել է Համլետին, հերքել է իր մեղավորությունը: Նա հայտարարում է, թե այդ ամբողջ պատմությունը մեկ նպատակ ունի՝ խլել իր մոսկովյան բնակարանը:
Գուսենհաջիևը կրկեսի, կինոյի և հեռուստատեսության դերասան է: Նա հայտնի է «Կարպով», «Անքնություն», «Արջի որս», «Վերջին Մահիկյանը» և այլ սերիալներում խաղացած իր դերերով: Նա նաև յոգայի վարպետ է և Ռուսաստանի յոգայի ֆեդերացիայի առաջատար մասնագետ, նրա անունը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մոլորակի ամենաճկուն տղամարդ: