ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցելու մասին համաձայնագիր են պատրաստել: Չի բացառվում, որ այն այս տարի ընդունվի: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
«Մենք տարբեր միգրանտների կողմից բազմաթիվ խախտումներ ենք բացահայտել: 2017 թվականին միգրացիայի մասին օրենսդրության 170 հազարից ավելի խախտում է արձանագրվել, անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով 44 հազար 673 և թրաֆիքինգի համար 119 քրեական գործ է հարուցվել», — ԱՊՀ-ում Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասել է նա:
Նրա խոսքով՝ 2006 թվականից ՀԱՊԿ երկրների «Անլեգալ» գործողության շրջանակում ձերբակալվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող ավելի քան 3 հազար մարդ:
«Հիմա մենք, պետությունների ղեկավարների որոշման և հրահանգների համաձայն, ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիր ենք պատրաստել՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու նպատակով: Դրա ընդունման հավանականությունը շատ մեծ է», — հավելել է Սեմերիկովը:
Նա պատգամավորներին խնդրել է չձգձգել ապագա համաձայնագրի վավերացումը: