ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Իսրայելի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանը, կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունների։
Իսրայելցի պաշտոնյան Էրդողանին կոչել է «հակասեմիտ, ով շարունակում է աջակցել Համասին»։ Հայտնում է The Jerusalem Post-ը:
Նախարարն իր ելույթում նշել է, թե Իսրայելը պետք է ընդդեմ Թուրքիայի քայլեր ձեռնարկի միջազգային ասպարեզում և ճանաչեր Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունը։
«Մենք պետք է դիմադրենք Էրդողանի թշնամանքին և հակասեմիտիզմին: Ինչ-որ տարօրինակ բան է կատարվում, Թուրքիայի նման երկիրը, որ սպանում է քրդերին և գրավում հյուսիսային Կիպրոսը, Արևմուտքում լեգիտիմ պետություն է համարվում»,- ասել է Գիլադ Էրդանը։
Հիշեցնենք, որ Էրդողանը դատապարտել էր Գազայի հետ սահմանին Թել-Ավիվի գործողությունները, Իսրայելին կոչել «ահաբեկչական օկուպանտ պետություն», Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահույին էլ՝ «ահաբեկիչ»:
Ապրիլի 1-ին Նաթանյահուն, պատասխանելով իսրայելական բանակի գործողությունների վերաբերյալ Անկարայից հնչող քննադատությանն, ասել էր, որ Իսրայելի պաշտպանական բանակը չի պատրաստվում լսել նրանց քարոզները, ովքեր տարիներ շարունակ ռմբակոծում են քաղաքացիական բնակչությանը։