Արցախում ականի պայթյունից վիրավորվածներից մեկին նորից կվիրահատեն

Արցախում ականի պայթյունից վիրավորվածներից մեկին վաղը հերթական վիրահատության կենթարկեն։ Նրա վիճակը շարունակում է ծանր մնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով վիրավորում ստացած և Ստեփանակերտի բժշկական կենտրոն տեղափոխվածներից մեկի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին հիվանդանոցի ընդունարանից։

Հայտնի է դարձել Արցախում ականի պայթյունից զոհվածների ինքնությունը

«Արամի վիճակը հիմա բավարար է, նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ` վիրաբուժական բաժանմունք»,- հայտնեց մեր զրուցակիցը։

1974 թ. ծնված Արամ Մկրտչյանին վիրահատել են։ Արյունահոսությունը դադարեցնելու նպատակով հեռացվել է պայթյունի հետևանքով պատռված փայծաղը։ Այս պահին վիրահատության կարիք բժիշկները չեն տեսնում:

Իսկ պայթյունից վիրավորված Գարիկ Ղահրիյանի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Հիվանդը դեռ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների շուրջօրյա հսկողության տակ։

1987 թ. ծնված Գարիկի մոտ առկա է հետվնասվածքային շոկ և ողնաշարի ողերի ու կոնքային ոսկրերի կոտրվածքներ։ Վերակենդանացման բաժանմունքի ղեկավարի խոսքով, վաղն Արամին ստորին վերջույթների հերթական վիրահատության են նախապատրաստում։ Ավելի վաղ անդամահատել էին նրա երկու ոտքերը։

Հիշեցնենք` մարտի 29-ի առավոտյան միջազգային «HALO Trust» կազմակերպության աշխատակիցների ավտոմեքենան պայթել էր ականի վրա: Դժբախտ պատահարի հետևանքով երեքը մահացել էին, երկուսը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։