Ո՞ւմ է ՀՀ քաղաքացին հանձնում անձնական տվյալները. «ՎիզաՄետրիկի» թուրքական աստառը

Հայաստանի քաղաքացիների անձնական տվյալները` թուրքական ընկերությունների ձեռքում։ Հայաստանի իշխանություններն ուսումնասիրում են Գերմանիայի դեսպանատան նախաձեռնության հնարավոր հետևանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ստուգման գործընթաց է նախաձեռնել` պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» ՍՊԸ կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը: Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

Բանն այն է, որ ապրիլի 3-ից Գերմանիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ, Ավստրիա և Շվեդիա մեկնելու համար շենգենյան վիզայի ստանալու դիմումները ՀՀ քաղաքացիները ներկայացնելու են ոչ թե Գերմանիայի դեսպանություն, ինչպես ներկայում, այլ առանձին սպասարկող ընկերություն՝ «ՎիզաՄետրիկ» ՍՊԸ։

Վիզայի ազատականացման շահարկումը, կամ ինչպես եվրապաշտոնյաները խաբեցին հայերին

Այս մասին մարտի 28-ին հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։

Ու թեև դեսպանը հայտարարել էր, որ հայաստանյան գրասենյակը ղեկավարելու է հայ ներկայացուցիչը և աշխատակազմում բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու, բայց միաժամանակ նաև շեշտել էր` «Վիզամետրիկը» ռուս-թուրքական կոնսորցիում է, որի հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում։

Դեսպանի այս հայտարարությունը, բնականաբար, Հայաստանում աննկատ չի մնացել։ Մտավախություն է առաջացել, որ ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները կարող են հայտնվել թուքական ծառայությունների ձեռքում։

«Ինձ համար տարօրինակ է, որ Գերմանիայի դեսպանատունը և Գերմանիայի արտակարգ ու լիազոր դեսպանն ինքն է հայտարարում, թե այդ կազմակերպությունն ում հսկողության տակ է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Թե ինչ նպատակով է դեսպանն այս հայտարարությունն արել, Իսագուլյանը դժվարացավ նշել, բայց շեշտեց, որ դա արվել է միանշանակ ոչ Հայաստանի շահերից ելնելով։

«Ինչու են մեզ ուզում ներքաշել այս խնդրի մեջ, ես ուղղակի չեմ հասկանում,– ասաց նա,–այսօրվա աշխարհաքաղաքական գործընթացներն այնպիսին են, որ դժվար է հասկանալ` տվյալ պետությունն այդ խնդիրներում իր շահից ելնելով է այդ գործողությունն անում, թե թելադրանքով է անում»։

Նաև հայ միգրանտներից է կախված Եվրոպայի հետ վիզայի ազատականացման ռեժիմը. Քոչարյան

Գառնիկ Իսագուլյանի համար այս պահին անհասկանալի է, թե ինչ շագանակներ է փորձում Գերմանիայի դեսպանը Հայաստանի միջոցով հանել կրակից։

Ինչ վերաբերում է անձնական տվյալների անվտանգությանը, մինչ պետական մարմինների կողմնորոշվելը, Գառնիկ Իսագուլյանը ՀՀ շարքային քաղաքացիներին խորհուրդ է տալիս ինքնուրույն որոշել` դիմե՞լ շենգենյան վիզա ստանալու համար և տրամադրե՞լ անձնական տվյալները, թե՞ զգուշանալ ու առայժմ ձեռնպահ մնալ շենգենյան երկրներ այցելությունից։

Մինչ ՀՀ իշխանություններն ու փորձագետները փորձում են հասկանալ, թե ինչ է թաքնված շենգենյան վիզաների տրամադրման նոր կարգի հետևում, Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ինչ կազմակերպություն է «ՎիզաՄետրիկը» և որ երկրների հետ է այն փոխկապակցված։

Համաձայն ընկերության պաշտոնական կայքում հրապարակված տվյալների (iraq.visametric.com/en/content/about.html)%60" http://iraq.visametric.com/en/content/about.html)`  VisaMetric ընկերությունը ստեղծվել է 2013թ–ին, iDATA Danişmanlik A.Ş. (iDATA) և VMS ընկերությունների կողմից` իրենց ծառայությունների որակն ու աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով։

Ընդ որում, iDATA–ն թուքական ընկերություն է (https://www.idata.com.tr/ita/en), VMS–ը` ռուսական (http://italy-vms.ru/)։

Ռուսական VMS ընկերությունը Ռուսաստանում գործում է 2008թ ապրիլից, գրանցված է որպես «Виза менеджмент сервис» ՓԲԸ և զբաղվում է բացառապես Իտալիա մուտքի վիզաների ձևակերպմամբ։ Ընկերության կայքում հրապարակված տվյալների համաձայն` VMS-ը Իտալիայի վիզային կենտրոնի միակ հավատարմագրված ընկերությունն է։

Իսկ ՀՀ պետռեգիստրի տվյալներով` հայաստանյան մասնաճյուղը` «Վիզամետրիկ» ՍՊԸ–ն, գրանցվել է 2018թ փետրվարի 28-ին։ Որպես հիմնադիր նշված է «Վիզամեթրիք Վիզե Հիզմեթլերի վե Դանըշմանլիք դըշ Թիճարեթ Անոնիմ Շիրքեթի», որն, ի դեպ, նույն թուրքական IDATA ընկերությունն է։

Հետաքրքրական է, որ հայաստանյան ու թուրքական ընկերությունների ինտերնետային կայքերը նույնությամբ կրկնում են միմյանց նաև կառուցվածքով` https://www.idata.com.tr/ita/en և https://www.visametric.com/Armenia/Sweden/hy ։

«ՎիզաՄետրիկ» միջազգային կազմակերպությունը պաշտոնական կայքում (https://www.visametric.com/) հրապարակված տվյալների համաձայն, ներկայացուցչություններ ունի 7 երկրում։ Դրանք են` Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Իրաքը։