Մի ծաղկով գարուն... Գյումրու գործարանն աղաչափեր է պատրաստում ռուսական սուզանավերի համար

Հայաստանի երկրորդ քաղաքում, որտեղ գրեթե վերացել է արդյունաբերությունը, գործարանն աշխատում է Ռուսաստանի խոշորագույն նավաշինարարների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik, Արամ Գարեգինյան. Երկրաշարժից և ԽՍՀՄ փլուզումից հետո Գյումրիում հրաշքով կանգուն են մնացել մեկ–երկու մեքենաշինական գործարաններ։ Դրանցից մեկը` «Անալիտբրիբոր-1»–ը, աղաչափեր է արտադրում սուզանավերի համար։ Ընկերության տեխնիկան ներկայացված է Երևանի ArmHiTec 2018 պաշտպանական ցուցահանդեսում։

Առանց ներդրողների, սեփական ուժերով նրանց հաջողվում է կատարել ռուսական նավաշինության, այդ թվում` սուզանավերի պատվերները։ Իմանալով, թե որքան աղ կա ջրի մեջ (այսինքն` դրա խտությունը)` կարելի է կարգավորել սուզանավերի ընկղմվելը և նավի թաղվածքը։

Ինչպես է հայկական ռազմական արդյունաբերությունը փրկում զինվորների կյանքը

«Անալիտպրիբորը» նման տեխնիկա է առաքել նաև Հայկական ատոմային կայանին։ Չէ՞ որ ջրի աղիությանը պետք է խստորեն հետևել թե՛ ջերմային, թե՛ ատոմային էլեկտրակայաններում, որտեղ շրջապտույտի մեջ են ջուրը և գոլորշին։ Եթե դրանց մեջ չափազանց շատ խառնուրդներ լինեն, ապա խողովակներում և շոգեգեներատորներում նստվածք կլինի, որը կարող է կոռոզիա առաջացնել։

Ընկերությունն աշխատել է ռուսական նավաշինարարական հսկաների հետ` «Ադմիրալտեսկիե վերֆի», «Սեվերնիե վերֆի», «Բալտիսկի զավոդ»։ Վերջին տարիներին ռուսական ձեռնարկությունները սկսել են թողարկել նման սարքեր, և պատվերները Հայաստանում կրճատվել են։

«Բայց մենք հուսով ենք, որ կարող ենք դիմանալ։ Մեր արտադրանքի որակից ոչ ոք չի բողոքել։ Մինչև չգա ռազմական ներկայացուցիչը, մինչև չստուգի արտադրանքը, ոչ ոք մեզ հետ անգամ չի խոսի։ Մենք մինչև հիմա պատվերներ ենք ստանում։ Նշանակում է, որ որակը նորմալ է։ Պետք է ուղղակի մի քիչ աջակցություն ստանալ», – ասաց Ավետիսյանը։

Գյումրիում, որտեղ գործարաններում ժանգոտում են կողպեքները, ձեռնարկությունը փորձում է պահպանել փորձառու խառատներին, ձուլորդներին և ինժեներներին։ Երբ պատվեր կա, այստեղ աշխատում է 100-120 մարդ։ Երբ չկա, ամեն դեպքում փորձում են պահել 40–ին։

Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք լուսանկարում, պատրաստվել է Հայաստանում։ Թե՛ կմախքի ձուլվածքը (լեգիրված պողպատից, մնացած մասերը` տիտանից), թե՛ աղի պարունակության հաղորդիչները, թե՛ ազդանշանիչները։

«Իհարկե, մենք ինքներս չենք պատրաստում ռադիոդետալները։ Գնում ենք Ռուսաստանից։ Բայց մնացածը մեր աշխատանքն է», – ասաց Ավետիսյանը։

Ցավոք, աշխատակիցների շարքում երիտասարդները քիչ են։ Իսկ Գյումրիի բուհերը (առանց նեղանալու) պետք է աշխատեն որակի վրա, նշում է նա։

Выставка оборонных технологий ArmHiTec 2018 в Ереване

«Կներեք, միգուցե ես շատ խիստ եմ։ Ուղղակի հիշում եմ, թե ինչպես են մեզ սովորեցրել խորհրդային տարիներին։ Արդեն այդպես չեն սովորեցնում մեքենաշինություն։ Այո, մեր մասնագետները միշտ լավն են եղել։ Բայց ավելի հեշտ է լավ սովորել, քան ամեն ինչում ինքնուս լինել», – հավելեց Ավետիսյանը։

Մնում է հուսալ, որ նոր պատվերներ կլինեն։ Այդ թվում` Հայաստանի իշխանությունների միջնորդությամբ։ Սա այն դեպքն է, երբ նրանցից ոչ ոք չի նեղանա։