ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հայաստանը մոտակա տարիներին ուզում է ռազմական տեխնիկայի նոր նմուշներ ներդնել։ Այս մասին պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսի բացմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նա հիշեցրեց, որ 2018-2024 թվականների համար հաստատվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ծրագիրը, որի գլխավոր նպատակն է մասնագիտական սպառազինության եւ ռազմական տեխնիկայի բարձր տեխնոլոգիական նմուշների արտադրության մեջ ներդնելն ու արտասահմանյան շուկաներ դուրս գալը։
«Համոզված եմ, որ ցուցահանդեսն արդյունավետ հարթակ կդառնա զինվորականների, գիտնականների և գործարար շրջանակների համար, ինչպես նաև կօգնի ընդլայնել միջազգային համագործակցությունը», — ընդգծեց Սարգսյանը։
Ցուցահանդեսին ընդհանուր առմամբ ներկայացված է հայկական 34 և արտասահմանյան ավելի քան 60 ընկերության արտադրանք 14 երկրից` Ռուսաստան, Հունաստան, Հնդկաստան, Բելառուս, Ղազախստան, Իրան, Սերբիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ղրղըզստան, Տաջիկստան։ Ցուցահանդեսին մասնակցում է նաև ՀԱՊԿ պատվիրակությունը։