Տիգրան Հախնազարյանի նվագախումբը Կեմերովոյի զոհերի հիշատակին նվիրված համերգ տվեց

Նվագախմբի գեղարվեստական ղեկավարի խոսքով` նա չէր կարող անտարբեր մնալ և որոշեց երաժշտության միջոցով փոխանցել իր հույզերը այն մարդկանց, որոնք հարազատ ու բարեկամ են կորցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Տիգրան Հախնազարյանի ղեկավարած հարավ-սախալինյան քաղաքային կամերային (սիմֆոնիկ) նվագախումբը Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին նվիրված համերգ տվեց։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց դիրիժորը, կոլեկտիվը որոշեց միջոցառման ծրագրում փոքր փոփոխություն կատարել։

Գյումրին ուզում է, որ Կեմերովոյի ողբերգության մեղավորները պատժվեն

Հիշատակի համերգային ծրագրում ներառվեցին Բիզեի «Կարմեն» օպերայի նախերգանքը, Չայխովսկու «Սիմֆոնիա № 1», «Ձմեռային պատրանքներ»», ինչպես նաև Մենդելսոնի` Համերգ ջութակի և նվագախմբի համար, Սկրյաբինի` Reverie «Պատրանքներ» ստեղծագործությունները։

«Սա շատ ցավոտ թեմա է յուրաքանչյուրիս համար։ Սարսափելի ողբերգություն է, մարդիկ են մահացել, այդքան երեխա։ Մենք չէինք կարող շրջանցել դա։ Եվ չնայած այսօր համառուսաստանյան սուգ է հայտարարված, և չեղյալ են հայտարարվել բոլոր զանգվածային մշակութային միջոցառումները, այնուամենայնիվ, մենք դիմել ենք Հարավ-Սախալինսկի քաղաքապետին համերգն անցկացնելու խնդրանքով», — ասաց նա։

Նրա խոսքով` դահլիճը լեփ-լեցուն էր, մարդիկ ուզում էին կիսվել իրենց հույզերով։

ՌԴ ԱԻՆ վերջին տվյալների համաձայն` ողբերգության հետևանքով մահացել է 64 մարդ։ Հրդեհը բռնկել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առևտրի կենտրոնում մարտի 25-ին, պատճառները դեռ պարզվում են։

«Կեմերովո, ձեզ հետ ենք» Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը ցավակցությունների գիրք է բացվել

Հիմնական վարկածները երկուսն են. կա՛մ երեխաներն են այրել խաղասենյակի պորոլոնը, կա՛մ հրդեհի պատճառ են դարձել մանկական տոնի ժամանակ վառած մոմերը։ Կրակը տարածվել է ավելի քան 1500 քմ մակերես ունեցող տարածքում։ Հակահրդեհային համակարգը չի աշխատել, մարդկանց չեն տարհանել։

Ռուսաստանում 100 տարվա ընթացքում գրանցված հրդեհների ցանկում այս ողբերգությունն ամենախոշորներից մեկն է զոհերի քանակով։ Խոշոր հրդեհներ են եղել Սամարայի Ներքին գործերի վարչությունում (1999 թվական, 57 զոհ), Կրասնոդարի երկրամասի Կամիշևատսկայա ավանի ծերանոցում (2007 թվական, 63 զոհ) և Պերմի «Խրոմայա լոշադ» ակումբում (2009 թվական, 153 զոհ)։