Գյումրին ուզում է, որ Կեմերովոյի ողբերգության մեղավորները պատժվեն

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Գյումրիում մեծից փոքր ցնցվել են Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությունից։ Ռուսաստանի հյուպատասարանի մոտ դրված ծաղիկներից ու խաղալիքներից բացի, այսօր երկինք բարձրացան սպիտակ փուչիկները։
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին և այսօր` մարտի 28-ին, ժամը 18։00-ին, սպիտակ փուչիկներ բաց թողեցին երկինք։

«Մենք 4-ով՝ ես, Կարենը, Միլան և Նիկիտան, որոշեցինք հիշատակի միջոցառում կազմակերպել Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում։ Տեղեկացրինք մեր ծանոթներին։ Շատերը միացան մեզ, և սպիտակ փուչիկներ բաց թողեցինք երկինք՝ ի հիշատակ անմեղ զոհերի»,- Sputnik Արմենիային ասաց Գյումրիում բնակվող Վիկտորյա Ժիգուլովան՝ հուսալով, որ բոլոր մեղավորները կպատժվեն ամենայն խստությամբ:

Մարդիկ շարունակում են ծաղիկներ ու խաղալիքներ դնել Հայաստանում ՌԴ հյուպատոսարանի ճաղավանդակների մոտ: Սև ժապավենով գրված է. «Կեմերովո, մենք քեզ հետ ենք»: Մարդիկ գալիս են ընտանիքներով, հարգանքի տուրք են մատուցում և՛ այս պահին Գյումրիում ժամանակավոր բնակություն հաստատած ռուսները, և՛ տեղաբնակները։

1 / 3
Գյումրի
2 / 3
Գյումրի
3 / 3
Գյումրի
«Ողբերգությունը միայն ռուսներինը չէ, այլ ամբողջ աշխարհինը: Ցավալի է հատկապես, որ զոհերի մեծ մասը երեխաներ էին»,- ասաց Կարենը:

9 տարեկան Օլյան ևս մայրիկի ու հարազատների հետ եկել էր մոմ վառելու ու ծաղիկ խոնարհելու:

«Ես շատ եմ ցավում, թող պատժվեն բոլոր նրանք, ովքեր մեղավոր են»,- նշեց փոքրիկը։

Девятилетняя Оля около Генерального консульства РФ в Гюмри

Կեմերովոյի «Զիմնյայ վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25–ին բռնկած հրդեհի զոհ են դարձել 64 մարդ: Ռուսաստանում 100 տարվա ընթացքում գրանցված հրդեհների ցանկում այս ողբերգությունն ամենախոշորներից մեկն է զոհերի քանակով։ Խոշոր հրդեհներ են եղել Սամարայի Ներքին գործերի վարչությունում (1999 թվական, 57 զոհ), Կրասնոդարի երկրամասի Կամիշևատսկայա ավանի ծերանոցում (2007 թվական, 63 զոհ) և Պերմի «Խրոմայա լոշադ» ակումբում (2009 թվական, 153 զոհ)։