Մեր շահերից ենք ելնելու. Հայաստանի ՊՆ-ն` ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների մասին

Հայաստանի պաշտպանության փոխնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի հետ համագործակցելու համար Հայաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Հայաստանը գործելու է՝ ելնելով իր շահերից: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Փախչանյանը՝ մեկնաբանելով ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ համագործակցող երկրների դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների կիրառումը:

Արևմուտքը դիվանագիտական պատերազմ է հայտարարել. որքանո՞վ դա կազդի Հայաստանի վրա

«Պատժամիջոցները խնդիր են, սակայն մենք անվտանգության ապահովման խնդիր ունենք: Այս հարցում մենք առաջին հերթին մեր շահերով ենք առաջնորդվելու», — ընդգծեց պաշտպանության փոխնախարարը:

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ասել էր, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պատճառով հնարավոր է, ամերիկյան պատժամիջոցները մեզ էլ վնասեն:

Մարտին արևմտյան երկրների ու Ռուսաստանի հարաբերությունների սրացման ֆոնին տեղեկություն էր հայտնվել, որ ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացրել է մի շարք երկրների, որ Ռուսաստանի հետ մեծ գործարքներ կնքելու դեպքում իրենց հանդեպ ևս կարող են պատժամիջոցներ կիրառվել:

2015 ու 2017 թվականներին Հայաստանն ու Ռուսաստանը երկու ռազմական վարկային համաձայնագիր են ստորագրել ՝ 300 միլիոն դոլարի ընդհանուր արժողությամբ: