Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա
Հայ գիտնականներն աշխատում են Պարկինսոնի և Ալցհայմերի հիվանդությունների դեմ նոր միջոցներ ստեղծելու ուղղությամբ։
Բուժման համար նրանք նոր նյութեր կկիրառեն` դեհիդրոամինաթթուների հիման վրա ստեղծված եթերային յուղեր ու ամիդներ։ Փորձերը թույլ են տալիս ենթադրել, որ նոր նյութերն այնքան թունավոր չեն, որքան այդ հիվանդությունների բուժման համար այսօր օգտագործվող միջոցները։
Մինչ վերջերս մեծ կիրառոււմ ուներ Տակրին կոչվող դեղորայքը, սակայն այն աստիճանաբար հանում են գործածությունից, քանի որ դեղը լյարդի վրա բացասական մեծ ազդեցություն է թողնում։ Կան նաև բնական (այլ ոչ թե սինթետիկ) դեղեր, սակայն դրանց արդյունավետութունը համեմատաբար ավելի փոքր է։
Ինչ վերաբերում է նոր նյութերին, ապա Թոփուզյանը զգուշացնում է` գիտությունը արագ ստեղծված հրաշք-դարմանների չի հավատում։ Այնուամենայնիվ` փորձերի ընթացքում պարզվել է, որ նոր եթերներն ու ամիդները արգելակում են նյարդային համակարգը վնասող թունավոր նյութերի ազդեցությունը։
Այս հետազոտությունները ղեկավարում է քիմիական գիտությունների թեկնածու, Հայաստանի գիտությունների ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը։
Ինչպե՞ս ենք մենք բարձրացնում մեր ձեռքերը կամ թեքում գլուխը։ Դրա համար նյարդերից ազգակ է գնում մկաններին։ Այդ ազդակը ացետիլխոլինն է փոխանցում։ Այն հարկավոր է ժամանակին լուծել այլ նյութերով (որպեսզի ազդակը դադարի, մկանները հանգստանան)։ Դրա համար մեր օրգանիզմը մեկ այլ բարդ միացություն է արտադրում, այդ ֆերմենտը կոչվում է ացետիլխոլինէսթերազ (ԱԽԷ)։
Տարեց մարդկանց օրգանիզմում ԱԽԷ-ի հավասարակշռությունը կարող է խախտվել։ Արդյունքում աստիճանաբար քայքայվում ու մահանում են նեյրոնները, որոնցից կազմված է մեր ուղեղը։ Այդ պատճառով այդ հվանդությունների դեմ դեղերը արգելափակում են ԱԽԷ-ի ավելցուկը։
Նոր նյութերը լուծում են այդ խնդիրն` արգելափակելով ացետիլ- և բուտիրիլխոլինէսթերազը ևւ թույլ չտալով, որպեսզի դրանք ակտիվ գործեն։
Փորձերն անցկացվել են ոչ միայն կենդանի օրգանիզմից դուրս (in vitro), այլ նաև կենդանի օրգանիզմների վրա (in vivo)` Ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետ համատեղ։
Այժմ այդ միջոցը նախակլինիկական հետազոտություններ է անցնում։ Հետազոտության հերթական փուլն իրականացնելու համար ինստիտուտը ֆինանսավորման հարցով դիմել է Գիտության պետական կոմիտե։
Մարդկանց վրա կլինիկական փորձեր անցկացնելուց առաջ պետք է մանրակրկիտ ստուգել բոլոր չափանիշները։ Այդ թվում` դեղորայքի հնարավոր թունավոր հատկությունները։ Սովորաբար հետազոտությունների այդ փուլը մեկուկես-երկու տարի է տևում։
Թող թռչեն տարիները, բայց հայացքդ շողա…
Կենսաբանների մոտ «էվրիկա» լինում է, սակայն լուռ ու զգույշ։ Առանձին փորձերում Թոփուզյանի գիտական խմբերը նկատել են, որ հիվանդությունը ոչ թե կանգ է առնում, այլ բուժվում է` ուղեղի նեյրոնները սկսում են կենդանանալ։ Հիմա դա ֆանտաստիկայի ժանրից է թվում։ Սակայն գիտնականները չեն շտապում ցնծալ։
«Նույն արդյունքը պետք է շատ անգամ փորձարկել, մինչև ինքներս կհամոզվենք ու մնացածին կհայտարարենք։ Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների արագ բուժումը հիմա առասպել է թվում։ Թող այդպես լինի.. Բայց եթե իրատեսական նպատակներ չդրվեն, ապա աշխատելու իմաստ էլ չկա», — ժպտում է Թոփուզյանը։
Իսկ գիտնականը նպատակ ունի` այնպես անել, որպեսզի մարդը ծերանա ոչ թե ուղեղի մթագնմամբ ու տկարամտությամբ, այլ ուղեղը միշտ պայծառ մնա։