«Իսկական մատնաչափիկ» Մեդվեդևա–Բաբասյանը չի հավատում ճակատագրին

Փհենչհանի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան անկեղծ հարցազրույց է տվել հայտնի պարբերականին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն, Փհենչհանի օլիմպիադայի կրկնակի փոխչեմպիոն Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը չի հավատում ճակատագրին և գերադասում է իր երջանկությունն ինքնուրույն կերտել։ Այս մասին նա հայտնել է Vogue միջազգային պարբերականի ռուսական բաժնին տված հարցազրույցում։

«Ժենյան ճակատագրից չի տրտնջում և չի հավատում դրան։ Ասում է, որ մենք ինքներս ենք հաջողություններ ու անհաջողություններ կռում և մեծի պես ղեկավարվում է «եթե դժվար է, ավելին արա» կարգախոսով», — գրում է ամսագիրը։

Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը հուզվեց. ո՞վ հասցրեց նրան այդ վիճակին

Միևնույն ժամանակ, եթե խոսենք Մեդվեդևայի գրաֆիկի մասին, հազիվ թե գտնվի գոնե մեկը, որ կկարողանա կրկնել նրա սխրանքը։ Անդադար թռիչքների, մարզումների և փորձերի մեջ նրան հաջողվում է հետևել իրեն և ճիշտ սնվել։

Աղջիկն անձամբ է շպարվում, խնամում մազերը և այլն։

«Զարմանալի է, թե այս իսկական մատնաչափիկն ինչպես է մարմնավորում միաժամանակ երեխայի և բացարձակ չեմպիոնի կերպարը», — նշում է պարբերականը։

Vogue-ի համաձայն` Մեդվեդևան փոքր տարիքում երազել է արքայադուստր դառնալ, բայց այսօր նրա առօրյան ամենևին էլ նման չէ հեքիաթի։ Հարցին, թե ինչպես է անցկացնում իր սովորական օրը, նա պատասխանել է.

«Արթնանում եմ 8:30-ին, վարկասաձավարի շիլա եմ ուտում, 10-ին մարզասրահ եմ գնում։ Այնուհետև ամբողջ օրը սահադաշտում եմ անցկացնում. երկու անգամ սահադաշտ եմ դուրս գալիս 1.5 ժամով, մոտ 3 ժամ էլ դահլիճում։ Այդպես շաբաթական վեց անգամ, մեկ հանգստյան օր»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան Միլանի աշխարհի առաջնությանը չի մասնակցելու ոտնաթաթի վնասվածքի պատճառով։