Ռուսաստանում հետաքրքրված են դպրոցներում շախմատի դասավանդման Հայաստանի փորձով

Ռուսաստանի և Հայաստանի կրթության պատասխանատուները քննարկել են համագործակցության ներկա և ապագա ծրագրերը։ Ռուսաստանում հետաքրքրված են մեր «Շախմատ» առարկայով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը հետաքրքրված է Հայաստանի դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդման արդյունավետ փորձով: Այս մասին Մոսկվայում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան։

Հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը։

Լևոն Մկրտչյանն իր հերթին ռուս գործընկերոջից հետաքրքրվել է թերհամալրված դպրոցներում կրթության կազմակերպման ռուսական փորձով` ընդգծելով, որ Հայաստանում փոքր համակազմ ունեցող դպրոցների զարգացումը ոլորտի առաջնահերթ խնդիրներից է:

Ինչն է Հայաստանում անհանգստացնում սիրիահայերին, և նրանց ինչին է պետք ռուսաց լեզուն

Բացի այդ Մկրտչյանը Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթությունների թվում նշել է օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացումը: Վասիլևան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության մշակման հարցում:

Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, Հայաստանը քննարկվում է Բարձրագույն կրթության մասին օրինագիծը, որի ընդունումից հետո զարգացման և համագործակցության նոր հեռանկարներ կբացվեն համալսարանական գիտության համար: Այս համատեքստում ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է գիտական համատեղ կլաստերների ստեղծման հնարավորությունը, որը մեխանիզմներ կստեղծի գիտական ինստիտուտներում կրեդիտների կուտակման, ուսանողների և հետազոտողների շարժունության համար:

Նշենք, որ ՌԴ ԿԳ նախարարի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն այս օրերին գտնվում է Մոսկվայում: