ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. 2017թ. հոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի մանկապարտեզ ներխուժած Արգամ Վարազդատի Հովիկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։
Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկատվության համաձայն` Հովիկյանը 2017թ. հոկտեմբերի 30-ին` ժամը 16-ի սահմաններում որսորդական դանակով գնացել էր Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ` այնտեղ աշխատող իր նախկին կնոջ` Լիլիթ Հովհաննիսյանի հետ անձնական խնդիրները պարզելու նպատակով։
Մտնելով կրտսեր խմբի երեխաների ննջասենյակ` նա Լիլիթ Հովհաննիսյանի հետ առանձնազրույց է պահանջել, իսկ երբ կինը հրաժարվել է, բաճկոնի տակից հանել է դանակն ու, բռնելով նրա մազերից, քարշ է տվել մինչև մանկապարտեզի մուտքի դուռը։
Լիլիթ Հովհաննիսյան այդ ընթացքում կառչել է մուտքի դռան հարակից սանդուղքի ճաղավանդակներից ու փորձել դիմադրել։ Այդ ժամանակ նախկին ամուսինը սկսել է դանակով հարվածներ հասցնել Հովհաննիսյանի պարանոցին, կրծքավանդակին, դաստակին։
Այս տեսնելով` մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանը, ով նաև Լիլիթ հովհաննիսյանի տատն է, փորձել է օգնության հասնել թոռանն ու միջամտել ։ Դրանից հետո նախկին փեսան դանակով հարձակվել է նաև տարեց կնոջ վրա և հարվածել նրա պարանոցին։
Այս ընթացքում նախկին կինը կարողացել է փախչել ու թաքնվել, իսկ Արգամ Հովիկյանը մանկապարտեզի ննջասենյակում պատանդ է վերցրել 3 տարեկան մի տղայի և դանակի սպառնալիքով կնոջ հետ հանդիպում պահանջել։
Շուրջ 4 ժամ երեխային ու մանկապարտեզի աշխատակիցների պատանդի կարգավիճակում պահելուց հետո, նույն օրը 20:00-ի սահմաններում ոստիկանները մտել են մանկապարտեզի տարածք ու վնասազերծել պատանդառուին։
Քրեական գործի նախաքննության ավարտին Արգամ Հովիկյանին առաջադրվել է ապօրինի զենք պահելու, սպանության փորձի, դիտավորությամբ մարմնական վնասվածք կամ առողջությանը վնաս պատճառելու, զենքի միջոցով անչափահասին պատանդ վերցնելու մեղադրանք։
Արգամ Հովիկյանը կալանավորված է։
Գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել Էջմիածնի դատավոր Վահե Խալաթյանին։
Դատական առաջին նիստի օրը դեռ հայտնի չէ։