Կապույտ հազը Հայաստանում արագ տարածվում է. կա մահվան դեպք

Հայաստանում գրանցվել է կապույտ հազի հիվանդացության դեպքերի աճ։ Հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. 2017թ–ի համեմատ Հայաստանում կապույտ հազով հիվանդության դեպքերն աճել են 6 անգամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Պետական մարմինն այս ցուցանիշը պատճառաբանում է պատվաստումներ չստանալու և բնակչության ակտիվ տեղաշարժերի հետ։

Վտանգավոր վարակ Հայաստանում. ինչպես խուսափել վարակվելուց

Տարեսկզբին` հունվար-փետրվարին, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում կապույտ հազի հիվանդացությունն աճել է 6 անգամ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է կապույտ հազի 17 դեպք, որոնցից 13-ը չպատվաստված են, 1-ը ՝ թերի պատվաստված: Կապույտ հազի դեպքերից 11-ը գրանցվել է 0-1 տարեկան երեխաների շրջանում:

Այս տարվա փետրվարի 23–ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում գրանցվել է նաև կապույտ հազից 2 ամսական երեխայի մահվան 1 դեպք: Ծնողները հրաժարվել էին պատվաստել երեխային։

Կապույտ հազը մանրէային հիվանդություն է, այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Արտահայտվում է ընդհանուր թուլությամբ, հազով, բարձր ջերմությամբ։ Աստիճանաբար հազը դառնում է նոպայաձև, ուժեղանում է երեկոյան և գիշերային ժամերին։

Նոպայաձև հազի ժամանակ երեխան կարող է կապտել, այստեղից էլ հիվանդության անվանումն է։ Հիվանդությունը հատկապես ծանր են տանում մինչև մեկ տարեկան երեխաները։ Նրանց մոտ հազը կարող է առաջացնել շնչառության կանգ։