Ինչպես քահանան և հոգեբանը Ուկրաինայում փրկեցին հայ անօթևանին

Նորիկի` նախկին անօթևանի պատմությունը, որին քահանան և հոգեբանն օգնել են սեփական գործը սկսել, ստիպում է մտածել` ինչպես շարունակել ապրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Անօթևան Նորիկ Հովակիմյանը չորս տարի առաջ հայտնվել էր փողոցում։ Անօթևան մարդկանց նվիրված օրվա կապակցությամբ ՌՈՄԲ գործակալությունը տեսանյութ է պատրաստել Նորիկին բնականոն կյանքի վերադարձնելու մասին։

56-ամյա Նորիկը 2015թ.-ին հայտնվել է անօթևան մարդկանց օգնության «Օսելյա» միությունում, որտեղ նրան օգնել են հոգեբանը և քահանան։

«Ես բավական ժամանակ ունեի` մտածելու համար, թե ինչպես շարունակեմ ապրել», — ասել է Նորիկը։

Սյուժեի հերոսը որոշել է զբաղվել հողագործությամբ։ Քահանան նրան է նվիրել իր հին տունը և հողամասը, իսկ հոգեբանը գումար է տվել` սեփական գործը սկսելու համար։

Գյումրիում կառուցվել է ավելի շատ բնակարան, քան քանդվել է, բայց քաղաքում դեռ անօթևաններ կան

Այսօր Ուկրաինայում` Լվովշչինայում, նա սեփական ջերմոցներն ունի, որտեղ սոխ, կանաչի և բանջարեղեն է աճեցնում ու երազում աշխատանքով, տանիքով ապահովել մյուս անօթևան մարդկանց։ Միաժամանակ Նորիկը չի բավարարվում ձեռք բերածով։ Նա մտադիր է ազնվամորի աճեցնել և առաքել ուկրաինական շուկա։

«Մարդկանց առողջությունն ինձ համար ավելի թանկ է, քան բիզնեսը և փողը», — ասում է Հովակիմյանը տեսանյութում։

Նորիկին օգնում են «Օսելյայից» նրա ընկերները, որոնք աշխատանքի դիմաց որևէ վարձատրություն չեն ստանում։ Ուստի Հովակիմյանը հովանավորներ է որոնում, որպեսզի նրանք կարողանան ապրուստի գումար վաստակել։

«Ես գիտեմ, թե ինչ է փողոցը։ Ես ուզում եմ, որպեսզի յուրաքանչյուր մարդ տանիք ունենա, ուզում եմ հնարավորինս շատ մարդկային կյանքեր փրկել։ Պետք է ձգտել դրան, գնալ առաջ և չկոտրվել»,- նշում է հայը։

Նշենք, որ Նորիկը շաքարային դիաբետ ունի և պետք է մշտապես ինսուլինի ներարկում ստանա։ Սակայն Նորիկը չի վհատվում և ապագայի հետ կապված հույսեր ունի։