Բաքուն պետք է հրաժարվի լեզվաբանական վարժանքներից. Նալբանդյան

Եթե Ադրբեջանը չի կարողանում ինքնուրույն վերադառնալ կառուցողական դաշտ, ապա այդ հարցում պետք է օգնել նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Ադրբեջանը պետք է հրաժարվի լեզվաբանական վարժանքներից և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներին կրեատիվ գնահատականներ տալուց, Երևանում Լյուքսեմբուրգի գործընկեր Ժան Ասելբորնի հետ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ադրբեջանական «սուսերով պար» կամ ինչու Բաքուն միայն կարող է երազել Երևանը գրավելու մասին

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ տարածաշրջանային վերջին այցի ժամանակ «համանախագահները կրեատիվ մտքեր են հնչեցրել բանակցություններն առաջ մղելու համար, և ընտրություններից հետո (Հայաստանում և Ադրբեջանում — խմբ.) բանակցություններն ավելի ինտենսիվ կանցկացվեն»։

ՀՀ արտգործնախարարի խոսքով` Ադրբեջանը հրաժարվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ամենաբարձր մակարդակով արված առաջարկներից, ինչպես նաև հանրահայտ սկզբունքներից, որոնք կան նրանց 5 հայտարարությունների մեջ։

«Գուցե նրանք կարծում են, որ համանախագահների առաջարկները, որոնք հնչել են ամենաբարձր մակարդակով, կրեատիվ չեն եղել, այլ պարզունակ։ Այսինքն նրանք իրավունք են վերապահում գնահատելու, թե որ առաջարկներն են կրեատիվ, որոնք` ոչ», — ասաց Նալբանդյանը։

Ըստ նախարարի` պաշտոնական Բաքուն պետք է հրաժարվի իրականությունից հեռու լեզվաբանական վարժանքներից և կառուցողական դաշտ վերադառնա։

«Եվ առաջին հերթին, անհրաժեշտ է, որ ադրբեջանական կողմը կատարի և սկսի կատարել պայմանավորվածությունները», — ասաց Նալբանդյանը։

Նրա խոսքով` Կրակովում վերջին հանդիպման ժամանակ կողմերը համաձայնություն էին ձեռք բերել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հնարավորություններն ընդլայնելու վերաբերյալ, բայց Ադրբեջանը հրաժարվել է հիշել և հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները հարգել նրան։ Նման իրավիճակ է եղել նաև այլ հանդիպումների ժամանակ։

«Գուցե Ադրբեջանը չի կարող ինքնուրույն վերադառնալ կառուցողական դաշտ, և նրան պետք է վերադարձնել այնտեղ», — ընդգծեց նախարարը։

Կրակովում հունվարի 18-ին համանախագահների միջնորդությամբ տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հունվարի 17-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ հունվարի 18-ին` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի։

Հունվարի 18-ին համանախագահները հանդիպել են երկու երկրների ԱԳ նախարարների հետ։