«Ոչ թե լացել, այլ ոռնալ ես ուզում». Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Կեմերովոյում

Կեմերովո մեկնած Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքները վերացնելու վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպել են Քննչական կոմիտեի, Առողջապահության նախարարության և ԱԻՆ–ի ղեկավարները, ինչպես նաև մարզի ղեկավարությունը։
Sputnik

Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինը Կեմերովոյում խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ողբերգությունը հանցագործ անփութության, անբարեխղճության հետևանք է եղել։

«Ի՞նչ է մեզ մոտ կատարվում, չէ՞ որ սրանք մարտական գործողություններ չեն, հանքահորում մեթանի պատահական արտանետում չէ։ Մարդիկ հանգստանալու էին եկել, երեխաներ կային։ Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին և այդքան մարդ կորցնում ի՞նչ պատճառով։ Հանցագործ անփութության, անբարեխղճության», — ասել է Պուտինը։

«Ուրիշի երեխաներ չեն լինում, բոլորն էլ մերն են». հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել

Նա նաև ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու բարեկամներին` մեկ րոպե լռությամբ սկսելով խորհրդակցությունը։

Պուտինը Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինին հանձնարարել է իրավական գնահատական տալ ողբերգությունը չկանխած պաշտոնատար անձանց գործողություններին։

«Առանց գումարի տեղեկանք ստանալ չի կարելի, իսկ գումարով հնարավոր ամեն ինչ կստորագրեն», — ասել է նախագահը։

Ռուսաստանի առաջնորդն անդրադարձել է նաև ողբերգության հուզական կողմին. «Զոհերի քանակի մասին խոսելիս առաջին զգացողությունը… ոչ թե լացել, այլ ոռնալ ես ուզում», — ասել է ռուս առաջնորդը։

ՌԴ ԱԻՆ վերջին տվյալների համաձայն` ողբերգության հետևանքով մահացել է 64 մարդ։ Հրդեհը բռնկել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առևտրի կենտրոնում մարտի 25-ին, պատճառները դեռ պարզվում են։

Հիմնական վարկածները երկուսն են. կա՛մ երեխաներն են այրել խաղասենյակի պորոլոնը, կա՛մ հրդեհի պատճառ են դարձել մանկական տոնի ժամանակ վառած մոմերը։

Կրակը տարածվել է ավելի քան 1500 քմ մակերես ունեցող տարածքում։ Հակահրդեհային համակարգը չի աշխատել, մարդկանց չեն տարհանել։

Ռուսաստանում 100 տարվա ընթացքում գրանցված հրդեհների ցանկում այս ողբերգությունն ամենախոշորներից մեկն է զոհերի քանակով։ Խոշոր հրդեհներ են եղել Սամարայի Ներքին գործերի վարչությունում (1999 թվական, 57 զոհ), Կրասնոդարի երկրամասի Կամիշևատսկայա ավանի ծերանոցում (2007 թվական, 63 զոհ) և Պերմի «Խրոմայա լոշադ» ակումբում (2009 թվական, 153 զոհ)։