Քանոնահարուհի Մերի Մուսինյանի հիասքանչ կատարումը հատուկ Sputnik Արմենիայի համար. տեսանյութ

Պարմանուհի Մերի Մուսինյանը հատուկ Sputnik Արմենիայի համար քանոնով նվագեց իր ուսուցչի` Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս Ծովինար Հովհաննիսյանի և այլ հեղինակների ստեղծագործություններից հատվածներ։
Sputnik

Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտուհի Մերի Մուսինյանը 11 տարեկանում արդեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Մալթայի, Իսպանիայի, Ավստրիայի երաժշտական մրցույթների դափնեկիր է։ Նա ելույթ է ունեցել աշխարհի տարբեր անկյուններում` Մայամիից մինչև Տոկիո, Կրասնոյարսկից մինչև Սեուլ։ Նվագել է Ջիվան Գասպարյանի, Ռուսաստանի նախագահական նվագախմբի հետ։ Մասնակցել է Մաքսիմ Գալկինի «Լավագույնը» շոուին։

Մերին հյուրախաղերին զուգահեռ հասցնում է լավ սովորել, նա Երևանի 181 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի է, երաժշտական կրթությունը ստանում է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։

Բացի այդ, աղջիկը հասցնում է մենահամերգներ տալ Հայաստանում։ Մերիի երկրորդ մենահամերգը տեղի կունենա մարտի 29-ին, ժամը 19։00-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը։

Հատկանշական է, որ Մերի Մուսինյանն իր ընտանիքի միակ երաժիշտն է, հարազատներից ոչ մեկը չի զբաղվել երաժշտությամբ։ Քանոնը միշտ սիրել է աղջկա մայրը` Անուշ Աղաջանյանը, որը և աղջկան տարել է պարապմունքների։